Բելգորոդի մարզում կործանված Իլ-76-ի երկու սև արկղերն էլ հայտնաբերվել են, հայտնում է РИА Новости-ն։
«Հայտնաբերվել են երկու սև արկղերը՝ թռիչքի պարամետրերի ձայնագրման սարքը և ձայնագրիչը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը պարզաբանել է, որ երկու սև արկղերն էլ գտնվել են Իլ-76-ի պոչային հատվածում։
Ինչպես հայտնի է, հունվարի 24-ին Բելգորոդի մարզի Կորոչանսկի շրջանում կործանվել է Իլ-76 ինքնաթիռ։ Ինքնաթիռի ուղևորները 65 ուկրաինացի ռազմագերիներն էին, որոնց տանում էին՝ փոխանակելու, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսական ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ ինքնաթիռը խոցել են ուկրաինական զինված ուժերը՝ զենիթահրթիռային համակարգից։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովի խոսքով՝ գերիների փոխանակումը ծրագրվում էր «192-192» սխեմայով։ Նա պնդում է, որ մեկ այլ Իլ-76 թռչում էր հետևից՝ 80 ռազմագերիներով, սակայն այն հետ է վերադարձել։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը համաձայն է միջազգային հետաքննությանը, եթե ավիավթարը Ուկրաինայի իշխանությունների կողմից համարվի հանցագործություն։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է միջազգային հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին։