Անցյալ տարվա հունիսի 13-ին Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի այրված թիվ 9 շենքի բնակիչներին դեռևս բնակարանով չեն ապահովել. նրանք ապրում են հյուրանոցային համալիրում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը։ Նշենք, որ հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ, 24 ընտանիք՝ 60 անձով, մնացել է անօթևան:

 

- Պարո՛ն Հովհաննիսյան, շենքի վերանորոգման աշխատանքները ո՞ր փուլում են։


- Շինարարությունը դեռ գնում է։ Շատ որակյալ աշխատանք է կատարվում, մարդիկ լուրջ աշխատում են, որպեսզի բնակիչների հարցերը, շենքի հարցերը լուծում ստանան։ Մարդիկ ապրում են հարևանությամբ գտնվող հյուրանոցում։ Մարզպետարանը, Զանգեզուրի կոմբինատն ամեն ինչով օգնում են նրանց։ Բնակիչները լրիվ անվճար են բնակվում այդ հյուրանոցում։

 

- Ե՞րբ է ավարտվելու շենքի շինարարությունը։


- Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, կարծում եմ՝ շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտված կլինեն, բնակիչները կգնան իրենց տներում կապրեն։ Եղանակից է կախված։ Եթե անձրևային չլինի, մայիսի վերջ կավարտվեն աշխատանքները։ Շենքը նախկինում եղել է փայտից, այժմ մոնոլիտ է լինելու, բետոն են լցնում, կտուրը փոխում են, ամեն ինչ արվում է։ Շենքի կողքն ամբողջովին այրված առանձնատուն էլ կար։ Այժմ շատ շքեղ առանձնատուն է կառուցվել, բնակիչը շատ գոհ կլինի։

 

- Իսկ ո՞ւմ ֆինանսավորմամբ է վերանորոգվում շենքը՝ կառավարությա՞ն, մարզպետի՞, թե՞ քաղաքապետարանի բյուջեի հաշվին։


- Շենքի վերակառուցման համար ֆինանսական ներդրում արեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նախնական փուլում մարզպետի մասնակցությունը նաև շատ մեծ էր։ Այն, որ այսօր իր հունով ճիշտ գնում է, մարզպետի շնորհիվ է։ Մարդիկ այսօր բացարձակ անվճար են ապրում այնտեղ։ Ձեզ անկեղծ ասեմ՝ ինձ համար կարևոր է, որ շենքի գործը կատարվում է և մարդավարի է կատարվում։ Բնական է՝ կառավարությունը ևս որոշակի գումարներ տրամադրել է։ Ինձ մի բան է շատ ուրախացնում, որ շենքի վերանորոգման աշխատանքները կատարվում են։

 

Քրիստինա Աղալարյան