Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը նախընտրական քարոզարշավը չի ընդունում, որպես այդպիսին եւ ընտրությունների արդյունքների արձանագրության տակ չի ստորագրելու: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքով՝ քարոզարշավի կեսից իր անունը կապեցին Հայրիկյանի մահափորձի պատմությունների հետ ու քարոզարշավն իր բնականոն հունից շեղվեց: «Այնպես, որ ես ավելի շատ զբաղված եմ եղել իմ հասցեին հնչող տարբեր անհիմն մեղադրանքներին բացատրություններ տալով, ինչի արդյունքում իմ նախապես համաձայնեցված մարզային հեռուստաընկերությունների հետ հարցազրույցները ձախողեցին եւ այլն եւ այլն: Իսկ որոշ լրատվամիջոցներ ընդհանրապես թեկուզ մեկ անգամ չհրավիրեցին եթերի»,- ասաց Վարդան Սեդրակյանը եւ բոլորին մաղթեց ազատ, արդար ընտրություններ:
Դիտարկմանը, թե եթե բոլորին հավաստիացնում է, թե ինքն 81 տոկոս ձայն է հավաքելու, այդ դեպքում ինչո՞ւ չի ստորագրելու արձանագրության տակ, նա արձագանքեց. «Այդ հեգնանքն այս ամենի հետ ինչ կապ ունի: Դուք այս երկրում չեք ապրո՞ւմ, չեք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում»:
Իսկ հարցին, թե եթե ինքն էպոսից իրեն արտատեր պառավին է նմանեցնում, ապա ով է, իր կարծիքով, Փոքր Մհերը, Սեդրակյանը պատասխանեց. «Երբ որ ծնվի, կտեսնենք ի՞նչ ասեմ: Ո՞ւր է, հիմա կա՞ ինչ-որ մեկը, ով արդարության համար պայքարում է: Հեսա կտեսնենք ընտրության արդյունքները ու կտեսնենք, թե, այսպես կոչված, ընդդիմադիր թեկնածուներն իրենց ինչպես են դրսեւորում: Կստորագրե՞ն, թե՞ չեն ստորագրի արձանագրությունները: Այն ժամանակ բոլորի դեմքն էլ կբացվի»: