ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել սանձազերծած հարձակումների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված թշնամական գործողությունները և կոչ արել անմիջապես թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում: «Ադրբեջանի նախագահ Ալիևի սպառնալից հռետորաբանությունը շարունակաբար խաթարել է 1994թ. հրադադարի պահպանման ջանքերը և բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարձակումների»,- նշել է Ֆրենկ Փալոունը:
Կոնգրեսականը շեշտել է, որ Ալիևը շարունակում է արհամարհել տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով բանակցված կարգավորման միջազգային կոչերը: «Ադրբեջանի կողմից նման ռազմական ճանապարհի որդեգրումն անընդունելի է: Ես կոչ եմ անում Օբամայի վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբին պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից և աշխատել խաղաղության առաջմղման առաջարկների ուղղությամբ»,- նշել է Ֆրենկ Փալոունը: