Միասնականություն, համախմբածություն՝ սրանք ուղղակի խոսքեր չեն. թե՛ մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները և թե՛ հասարակությունն այս դժվար օրերին ապացուցեցին դա, կրկին ցույց տվեցին, որ հայերն ընդունակ են օրհասական պահերին միավորվելու ու մեկ բռունցք դառնալու՝ մոռանալով ներքին տարաձայնությունների մասին: Այս առումով չեմ կարող չգնահատել ու չողջունել ընդդիմադիր կուսակցությունների ու ԱԺ խմբակցությունների՝ հանձինս ՀԱԿ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի, «Ազատ դեմոկրատների», ՕԵԿ - «Հայկական վերածնունդի», ՔՊ-ի, «Այլանսի», «Լուսավոր Հայաստանի» և մյուսների դիրքորոշումը, կեցվածքը: Նաև կարևոր էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որով նա կոչ է արել ընդդիմադիր ուժերին ժամանակավորապես մոռանալ ներքին տարաձայնությունները:

 

Պատմական փորձը ցույց է տալիս, որ միայն համախմբվելու արդյունքում ենք մենք տոնում հաղթանակներ: Այդպես եղավ նաև 1994թ., և այսօրվա իրավիճակից էլ մենք նույնպես դուրս կգանք միանշանակ հաղթանակած՝ շնորհիվ մեր անվտանգության միակ երաշխիքը հանդիսացող Հայոց բանակի և մեր միասնականության: Առաջիկայում դեռ շատ անելիքներ կան մանավանդ դիվանագիտական հարթակում, միջազգային կառտույցների հետ պետք է տարվեն համապատասխան աշխատանքներ: Համոզված եմ, որ մեր իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնաբար կկարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրները, սակայն նորից հիշեցնեմ, որ միջազգային կառույցների և չակերտավոր «ռազմավարական գործընկերների» վրա հույս դնելն անիրատեսական եմ համարում: Այս նույն կառույցների արձագանքներն իսկ փաստում են, որ նրանցից շատերի գոյությունը սոսկ ձևական է, այնինչ մեր մարտունակ բանակը և մեր զինվորների ու կամավոր մարտիկների ոգին՝ իրականություն: Ուստի ապավինենք մեր ուժերին:

 

Ցավով պետք է նշեմ նաև, որ համախմբվածության այս ֆոնին այդուհանդերձ դեռ գտնվում են իրենց քաղաքական ուժ կամ հասարակական գործիչ հորջորջող տեսակներ, որոնք նույնիսկ այսպիսի պահերին արտաքին վտանգին դիմակայելու փոխարեն զբաղված են գոյություն չունեցող «քաղբանտարկյալների» և «մայդանատիպ» իրենց երազանքների մասին «հոգեցունց» ու «ընդդիմագրգիռ» գրառումներով եթերը լցնելով: Բայց նրանց մասին չեմ ուզում խոսել:

 

Կարեն Վարդանյան