ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Տավուշի մարզի Մովսես գյուղում իր «այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում» արտահայտությանը, որը կայքերում լայնորեն քննարկվել է և որի պատճառով նախագահը քննադատության է արժանացել։
«Մովսես գյուղում, որ կայքերը լավ անդրադարձան իմ խոսքին, ինչու էի փորձել իր լեզվով խոսել, որ մարդու համար ընկալելի լինի, որ Մովսես գյուղում գործարան չի կարող լինել, պետք է հող մշակես»,– երգչուհի, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին ի պատասխան, թե ինչ ծրագրեր կան սահմանամերձ գյուղերում ասաց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում Սերժ Սարգսյանն այդ արտահայտությունով պատասխանել էր տավուշցի տարեց մի մարդու բողոքին, թե գյուղում գործարան չի կառուցվում, աշխատատեղեր չկան։
Սերժ Սարգսյանը նշեց, որ իրենց խնդիրն էլ կլինի ապահովել, որ գյուղում ինտերնետ լինի, գազ լինի։ Նախագահը Շուշան Պետրոսյանին խնդրեց, որ երբ նա սահման է գնում, հորդորի գյուղացիներին աշխատեն։
Սահմանային բնակավայրերից հետ կապված նախագահը նշեց, թե վերջինն ինչ արել են, դա այդ բնակավայրերին հողի հարկից և ջրի վարձից մասամբ ազատելն է եղել, հայտնում է tert.am-ը:
«Բոլոր այն հատվածները, որոնք կարող են լինել ինչ–ինչ պատճառներով կրակի տակ, այդ հողերը ազատվում են հարկից։ Բայց ընդհանրապես բոլոր գյուղական վայրերում մենք օգնում ենք, որ մնան իրենց հողի վրա և կառչեն իրենց հողից։ Քանի որ հողը բերրի չէ, արդյունավետություն էլ նկատելի չէ, մարդիկ չեն ուզում աշխատել, սա է խնդիրը»,– ասաց նախագահը և ևս մեկ անգամ հորդորեց աշխատել։