Ազգային ժողովում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումն արդյունավետ է անցել, բոլոր պատգամավորների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այս քննարկման նպատակն էր, որպեսզի մենք ստանայինք հնարավորինս շատ տեղեկատվություն՝ տարբեր խորհրդարանական վեհաժողովնե րում ավելի արդյունավետ աշխատելու համար: Խնդիր կա միջազգային մեր գործընկերներին ցույց տալ, որ Ադրբեջանն ագրեսոր է, ահաբեկչական երկիր է, որ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որոնք դեմ են ոչ միայն զինադադարին, այլ նաև միջազգային իրավունքին: Եվ մենք ստացանք որոշակի փաստեր, լուրջ փաստեր, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ պատգամավորները 45 հարց են ուղղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին և արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին:
Շարմազանովը հավելեց, որ պատգամավորները գոհ են մնացել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հաղորդումից: «Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մեր քաղաքական ուժերը միասնական են, մեր զինված ուժերն էլ իրենց վրա դրված պարտականությունը բարձր մակարդակով կատարել ու կատարում են»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայկական կողմը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, մեր խնդիրն է հակառակորդին զինադադար պարտադրել, իսկ դիվանագիտական դաշտում պատգամավորներն ավելի սերտ համագործակցեն, ավելի ակտիվ աշխատանք կատարեն տարբեր վեհաժողովներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մյուս շաբաթվանից արդեն մեր տարբեր պատվիրակություններ պետք է մասնակցեն այս կամ այն վեհաժողովի նիստերին, կարիք կար, որպեսզի պատգամավորները ասեն թե արտաքին գործերի փոխնախարարի, թե պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հաղորդումները: Ամեն ինչ լինելու է շատ հզոր: Մենք ոգևորված ենք: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ Արցախի պաշտպանության բանակը, մեր զինված ուժերը, մեր հասարակությունը և քաղաքական ուժերը միասնական են: Այս հարցում չկա իշխանություն ընդդիմություն, արցախցի հայաստանցի, բոլորս միասնական ենք»,- եզրափակեց Շարմազանովը:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը հրավիրվել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի առաջարկով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: