ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել
Սիրելի՛ մայրեր, քույրեր.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ, ցանկանում առողջություն և երջանկություն:
Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի և´ մեր ազգային ավանդույթների տեսանկյունից, և´ քրիստոնեական արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի այդ էլ' ապրիլի 7-ին հրեշտակն ավետեց աստվածամորը, որ ինն ամիս անց Հիսուսն է լույս աշխարհ գալու:
Երկրապահներս գնահատում և արժևորում ենք հայ կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլև պետության կայացման ու հզորացման գործում: Արժևորում ենք հայ կնոջը նաև որպես հայրենիքի նվիրյալ զինվորի, առաջամարտիկի, ռազմական գործչի:
Մեզ՝ եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի, այս պատճառով էլ Մայրության և գեղեցկության տոնը համարվում է երկրապահներիս ամենասիրելի տոներից մեկը:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ հղում մեզ պարտադրված պատերազմում զոհված հերոս մարտիկների հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Շնորհավորելով' խոնարհվում եմ հայ ազգին սպարապետ պարգևած Գրետա մայրիկի առաջ: Դուք, հարգարժա´ն կանայք, մայրեր, քույրեր, Արցախյան պատերազմի և անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է և անում է ամեն ինչ հայրենիքի ու հայ մարդու արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս օրերին եւս, երբ շուն թուրքը դավադիր կերպով խախտեց հրադադարը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով' փաստացի պատերազմը վերսկսելով, դարձյալ հայ մայրերն ու քույրերը, հայ կանայք եւ դուստրերը ապացուցեցին, որ իրենք երկրապահ են: Շնորհավորում եմ վերջին օրերին նահատակված քաջերի մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին: Թանկագիննե´րս, խոնարհվում եմ ձեր առաջ, ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում իսպառ բացառել ցավալի կորուստները: Զեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում, նրանց օրինակով են դաստիարակվելու պատանի, երիտասարդ երկրապահները:
Մեր հատուկ շնորհավորանքներն ենք հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի հենարան:
Շնորհավորում ենք նաև բոլոր այն մայրերին ու կանանց, ում որդիներն ու ամուսիններն այսօր հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու մեր ժողովրդի անդորրը:
Շնորհավորանքներ ենք հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային բանակի լավ զինվոր:
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Ձեզ՝ «Պատանի երկրապահ» կառույցի սան հայուհիներ, մենք հպարտանում ենք ձեզանով:
Մեր երկրապահական ողջույնները նաև գործընկեր կառույցների կին աշխատակիցներին և աշխատակիցների կանանց:
Եվս մեկ անգամ Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ իմ և եռասերունդ Երկրապահի անունից շնորհավորում եմ հայոց բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն: Խոստանում ենք ձեզ, թանկագին մայրեր, որ բարձր կպահենք ձեր պատիվը: