ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք, հայոց աղջիկներ.
Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, ընդունեք իմ, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, եռասերունդ երկրապահի անկեղծ շնորհավորանքները:
Այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժևորվում՝ գարնան գալուստն ազդարարելով, և գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով:
Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերը հայապաշտպանության, ընտանիքի շենացման օջախի պահպանման և երեխաների դաստիարակման գործում:
Պատմականորեն ապացուցված է, որ հայուհին ոչ միայն քույր է, կին ու մայր, այլ նաև՝ օրհասական պահին երկրապահավարի միշտ էլ նեցուկ է կանգնել եղբորը, ամուսնուն, որդու հետ մարտնչել է հանուն ընտանիքի և երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա ևս անգամ հաստատվեց՝ ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաև՝ մարտադաշտում զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնեց իր երկրապահ մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին:
Մեր հերոսական մայրեր, քույրեր, սիրելի կանայք, ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում, հերոսներ ծնած հերոս մայրեր, մեր սիրելի մեծ մայր Գրետա մայրիկ, խոնարհվում եմ ձեր հզոր կամքի ու անսահման հավատի առաջ, ցանկանում ձեզ առողջություն, ուժ ու կորով:
Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում ձեզ Արցախի հերոսական մայրեր, դուք արեցիք ամեն ինչ ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար:
Փառք ձեզ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ ազգային բանակում ծառայող հայուհիներին, կին ազատամարտիկներին, հայոց բանակի սպաների կանանց և այն բոլոր մայրերին, ում որդիներն այսօր ծառայում են մեր բանակում, պաշտպանում են երկրի սահմանները:
Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաև բոլոր այն մայրերին, ում զավակները մարտի 5-ի երդմամբ ընդգրկվեցին «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը, ովքեր վերջերս ավարտեցին սերժանտահրամանատարական դասընթացները: Նրանք են մեր բանակի վաղվա զինվորները, սպաներն ու երկրի իսկական տերերը: Հպարտացե՛ք, Ձեր զավակներով: Յուրահատուկ շնորհավորում եմ «Պատանի երկրապահ» ակումբի աղջիկ սաներին՝ ձեզ վրա մեծ վստահություն է դրված:
Մարտի 8-ի առիթով մեկ անգամ ևս, շնորհավորելով բոլոր հայ կանանց, մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում և խաղաղություն հայոց աշխարհին»: