Հիմնական խնդիրը ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների վերսկսումը կանխելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Երեկ նախագահ Ալիևի հետ հանդիպմանը ես քննարկել եմ երեք-չորս տարի առաջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած հայատարարությունների վերադառնալու անհրաժեշտությունը, հուսամ՝ դա կքննարկեմ նաև Հայաստանի ղեկավարության հետ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ բացի քաղաքական կարգավորման ջանքերից և համաձայնության փնտրտուքից, անհրաժեշտ է նաև կայունացնել իրավիճակը շփման գծում:

 

Նրա խոսքով՝ միջադեպերի արդյունքում երկու կողմում կան գերեվարվածներ, կա զոհերի մարմինների փոխանակման անհրաժեշտություն: «Կա նաև դիպուկահարներին շփման գծից հեռացնելու միտքը: Վտանգավոր է, երբ մարդիկ ժամերով իրար նայում են զենքի նշանացույցի միջով, վտանգավոր են նույնիսկ րոպեները. ոմանք կարող են տիրապետումը կորցնել: Այս միտքը դեռ շուտվանից կար»,- նշել է Լավրովը:

 

Նա նաև շեշտել է, որ այս հարցի առնչությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ մշակել են կոնկրետ քայլեր: «Նույնիսկ փաստաթուղթ կա, որը դեռ հավանության չի արժանացել, սակայն աշխատանքը դրա շուրջ շարունակվում է: Ես հավատում եմ, որ ներկա իրավիճակը կխթանի բոլորիս այս միջոցներին հավանություն տալու և հնարավորինս արագ կյանքի կոչելու»,- ասել է Լավրովը: Նա այդ հարցը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահի հետ, ով հավանություն է տվել առաջարկներին, սակայն ոչ թե ստատուս-քվոն երկարաձգելու, այլ իրավիճակը կայունացնելու և քաղաքական գործընթացի համար շրջանակ ստեղծելու նպատակով:

 

Լավրովը հիշեցրել է, որ նախագահներ Պուտինը և Մեդվեդևը տարբեր ժամանակներում մի շարք գաղափարներ են առաջարկել, թե ինչպես է հնարավոր լուծել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ «ազատելով Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները և միաժամանակ լուծելով նրա կարգավիճակի հարցը»: «Ես մանրամասների մեջ չեմ մտնի, սակայն դրանցից մի քանիսը դեռ բանակցային սեղանին են: Երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք այս հարցերը և կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Լավրովը նաև նկարագրել է նախորդող օրերի մի շարք իրադարձություններ՝ մասնավորապես հիշեցնելով նախագահ Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: «Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մակարդակով. մենք միջնորդել ենք այս գործընթացում: Հրադադարը հիմնականում պահպանվում է, մենք հետևում ենք իրավիճակին: Ամենակարևորն այն է, որ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- նշել է Սերգեյ Լավրովը:

 

Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանում բանակցություններից հետո Մոսկվայում հանդիպում է ունենալու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ով Ռուսաստանի մայրաքաղաք է այցելելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու: