«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի' ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Ինչպես հայտնի է' սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիեւը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հակամարտության հետ կապված:
Ենթադրվում է' այս թեմային անդրադարձ կլինի նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կամաց-կամաց վերադառնում է օրակարգ: Ու թեեւ դեռ Փաշինյան-Ալիեւ հանդիպում չի նշմարվում, բայց եւ ակնհայտ է, որ ՌԴ-ն այս հարցում ձեռքերը ծալած չի նստելու' փորձելով, այնուամենայնիվ, գործընթացն առաջ մղել:
Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ, ենթադրվում է, լինելու են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես մարտի 1-ի քրեական գործը, դրա շրջանակներում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում' ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը: Ու թեեւ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր' այդ ամենը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք ցանկանում են, որ «այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքի վրա», այնուամենայնիվ, ակնհայտ է' ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ ՀՀ-ում կատարվող իրավիճակից:
Եւ այս առումով Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը հեշտ չի լինելու: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, երեկ անդրադառնալով Քոչարյանի ծննդյան օրը Պուտինի շնորհավորանքին, ասել է. «Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում եւ պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ»: