Բաքու և Ստեփանակերտ կատարած այցելություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Երևանում են:

 

Տարածաշրջան կատարած նրանց ներկայիս այցելության վերաբերյալ պատասխանելովԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցերին, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց.

 

«Ընդհանուր տեսակետը, նույնիսկ ռազմական վերջին գործողությունների հետ կապված ակտիվացումից հետո, չի փոխվում, նույնն է' Ղարաբաղը ստանում է կարգավիճակ, մեր ազատագրած տարածքները հանձնվում են, սա է, սրա շուրջ է ամեն ինչ պտտվում: Սակայն երբ մանրամասների մեջ ենք մտնում' ի՞նչ կարգավիճակ, ով և ինչպե՞ս պետք է տարածքների հանձնման դեպքում անվտանգության երաշխիք տա, երբ նույնիսկ հիմա, չնայած այդ շրջանների, որպես անվտանգության գոտի, ԼՂՀ տիրապետության տակ գտնվելուն, Ադրբեջանն ուզում էր Մարտակերտը հողին հավասարեցնել (Թալիշում և Ներքին Սեյսուլանում շատ շինություններ ավիրել է, բուն ԼՂՀ բնակավայրերին այդպիսի հարվածներ հասցրել), պատասխաններ չկան: Այսինքն' ո՞վ է տալու երաշխիք, որ այդ շրջանները հանձնելուց հետո, նույնիսկ Ղարաբաղի' անկախ պետության կարգավիճակը ճանաչելու պարագայում, իրենք մի օր Ստեփանակերտի կեսը չեն հավասարեցնելու հողին: Դրա համար էլ համանախագահներն օրերս բավական ակտիվ մտան բանակցությունների մեջ, նաև' Լավրովը, Քերրին, ղեկավարները, բայց հետո երբ սկսեցին մտնել մանրամասների մեջ, նրանց թափն աստիճանաբար սկսեց կորել, բոլորը խոսում են երկու կողմի բախման խաղաղ կարգավորման մասին, որովհետև ծրագրի մասին խոսելը մի բան է, և մեկ այլ բան է, երբ սկսում ես իրագործել:

 

Եթե ավելի քան 20 տարի հետո նույն ադրբեջանական բանակը պետք է մտնի հայկական գյուղեր, մարդկանց ականջներ ու գլուխ կտրի, նշանակում է, այս տարիների ընթացքում ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը… Դրա համար վերջերս բավականաչափ լուրջ խնդիրներ են ծագել»:

 

Ըստ Արամ Կարապետյանի, ինքը համանախագահների այցից լուրջ ակնկալություն չունի, կարգավորման նրանց տեսլականը նույնն է, չի փոխվել:

 

«Սակայն,- շարունակեց մեր զրուցակիցը,- Ադրբեջանի դիրքորոշումը, որոշակի առումով նաև համանախագահների դիրքորոշումը գնալով կարծրանալու է, այսինքն' համանախագահները հիմա ասելու են' դե մի ելք պետք է գտնվի, թե չէ էլի կռիվ կլինի, էլի զոհեր կլինեն, պատերազմն ավելի մեծ մասշտաբների կհասնի: Մեր դիվանագիտությունը հիմա սրա մասին պետք է մտածի, այսինքն' մինչև ապրիլի 1-ը հանգիստ վիճակ էր, բայց հիմա իրավիճակն այդ առումով շատ խիստ փոխվել է»:

 

Արթուր Հովհաննիսյան