Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արտահայտած դիրքորոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը' վկայակոչելով france-karabagh.fr կայքը, պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանն ընդգծել է, որ իրենք աջակցում են այդ դիրքորոշմանը:

 

«Միշտ էլ կարևոր է իրերն իրենց անուններով կոչել, ինչպես Ադրբեջանի ռազմական սադրանքը, որը նպատակաուղղված է շփման գծի ապակայունացմանը: Կարևոր է տարածաշրջանում հատատել խաղաղություն և անվտանգություն, օբյեկտիվորեն արտացոլելով փաստերը»,-նշել է Ռոշբլուան: Նա նաև փաստել է, որ հակված է պաշտպանել ղարաբաղյան ժողովրդավարությունը, ոչ թե Ադրբեջանի բռնապետությունը:

 

Ֆրանսուա Ռոշբլուանը հավելել է, որ Ադրբեջանի սադրանքները տարածաշրջանի վիճակն ապակայունացնելու միտում ունեն: Նա նաև նշել է, որ իրատեսական չի համարում խաղաղ համաձայնագրի պատրաստումն առանց ղարաբաղյան կողմի կարծիքը հաշվի առնելու:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ' Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

 

Համանախագահների հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրյուն և Իգոր Պոպովն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում և հայ ադրբեջանական սահմանագծում արձանագրվող դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցնում են նաև զոհերի: Համանախագահներն ընդգծել են դեռևս նախորդ տարվանից սկիզբ առած բռնությունների աճը և դրանց դադարեցման անհրաժեշտությունը, կարևորել վստահության վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելուն ուղղված քայլերի իրականացումը: Համանախագահները Մամեդյարովին հիշեցրել են Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները:

 

Համանախագահներն առաջիկայում նախատեսում են հանդիպել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և այցելել տարածաշրջան: