Այսօր` դեկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիային խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայենին, պատգամավորներ Գի դը Սյենին, Ժան Պյեր դը լա Նուանին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոնին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ, պատգամավորներ Արա Բաբլոյանին և Նաիրա Կարապետյանին:
Պատվիրակությունը Գյումրի էր ժամանել' հարգանքի տուրք մատուցելու 1988թ. աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության անդամներին' բարձր գնահատելով ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ներդրումը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Քաղաքապետն առանձնահատուկ կանգ առավ երկրաշարժից հետո Ֆրանսիայի կառավարության և ֆրանսիական տարբեր կազմակերպությունների կողմից Գյումրի քաղաքին ցուցաբերված մեծ աջակցության մասին:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին ողջույնի ջերմ խոսքեր հղեցին քաղաքապետին, հակիրճ ներկայացնելով նաև իրենց խմբի գործունեությունը և մոտ ապագայում նախանշված ծրագրերը, այնուհետև պատվիրակության անդամների կողմից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Ֆրանսիայի խորհրդարանի մեդալով:
Հանդիպումից հետո քաղաքապետը ֆրանսիացի բարեկամների հետ ծաղիկներ դրեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղակայված 88-ի անմեղ զոհերի հուշարձանին: