Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա այցի շրջանակներում, հոկտեմբերի 28-ին, «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» խորագրով դասախոսություն է կարդացել Օտտավայի «Քարլտոն» համալսարանում, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը, ինչպես նաև անդրադարձել անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասախոսությանը ներկա են գտնվել «Քարլտոն» և Օտտավայի համալսարանների ուսանողներ և Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Հոկտեմբերի 29-ին Կարեն Միրզոյանը Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։

 

Նույն օրը Կարեն Միրզոյանը Կանադայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Օտտավայի հայ համայնքի ղեկավարների և համայնքային կազմակերպությունների անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և պատասխանել ներկաների հարցերին։