Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն ապրիլի 15-ին Իտալիայի սենատում հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի' Հայաստանի հետ բարեկամության խմբի խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախկին գումարման պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիրներ Ալբերտինա Սոլիանին, Ֆրանկո Աշիուտին և Ռենատո Ֆարինան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկ ատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրել է հայ-իտալական հարաբերությունների անցած ուղին և զարգացման հեռանկարները, Հայաստանի տնտեսական հնարավորությունները, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև Սիրիայի իրավիճակին և այդ ենթատեքստում՝ սիրիահայության անվտանգության և հումանիտար խնդիրներին, ինչպես նաև իտալական կողմից քեսաբահայությանն օգնություն ցուցաբերելու հնարավորություններին: Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերի մասին' դեսպան Ղազարյանն ընդգծել է փոխայցելությունների ու ուղիղ կապերի հաստատման, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության կարևորությունը:
Իրենց խոսքում Իտալացի խորհրդարանականներն անդրադարձել են հայ-իտալական պատմական առնչություններին և Իտալիայում հայկական համայնքի ներկայությանը, այն քաղաքակրթական ընդհանրություններին, որ ունեն երկու բարեկամ ժողովուրդները: Նրանք կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի զարգացումը և այդ նպատակով գործնական քայլերի նախաձեռնումն ու ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու գործում: Ելույթ ունեցողները խոսել են նաև հայոց ցեղասպանության մասին' կարևորելով Իտալիայի հասարակության շրջանում հարցի լայն ճանաչելիության ապահովումը: Պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլին կարևորել է կրթամշակութային և գիտական կապերի զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:
Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը դեսպանության հուշամեդալներ է հանձնել խմբի անդամներ Սանդրա Ձամպային, Ալբերտինա Սոլիանիին և Ֆրանկո Աշիուտիին: