Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳ նախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով խմբի գործունեությունը Արցախի և Լիտվայի միջև հարաբերությունների զարգացման առումով:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարեկամության խմբի գործունեության շրջանակներում որոշ գործնական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

 

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին:

 

Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լիտվայի Սեյմասում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կարևոր ներդրում է Արցախի ժողովրդի ազատության ձգտումների նկատմամբ միջազգային աջակցության գործում։