ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 21-ին ընդունել է «Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գեղամ Սարմազյանին, համահիմնադիր Ռոբերտ Գազազյանին և քեսաբահայ մտավորական, լեզվաբան Հակոբ Չոլաքյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնությա ն հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել քեսաբահայերի խնդիրներով զբաղվող նորաստեղծ միության աշխատանքը, քեսաբահայերին հավաքագրելուն, օժանդակելուն ուղղված նրա ազգանվեր գործունեությունը:
Կազմակերպության նպատակն է համախմբել հայաստանաբնակ և սփյուռքահայ քեսաբահայերին, աջակցել նրանց նյութական և ֆինանսական վիճակի բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քեսաբահայերի կեցության, առողջապահական, կրթական, իրավական և այլ հարցեր:
«Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 1946-1947-ին հայրենադարձված քեսաբահայերի ժառանգներ Գեղամ Սարմազյանի, Հովսեփ Փասլիկյանի, Կարապետ Բրդոտյանի, Ռոբերտ և Արթուր Գազազյանների կողմից:
«Քեսաբ հայրենակցական միավորում»-ը, համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ, հինգամսյա գործունեության ընթացքում հոգեբարոյական, խորհրդատվական և նյութական աջակցություն է ցուցաբերել Քեսաբից Հայաստան տեղափոխված ընտանիքներին: Անընդհատ ճշտվում են քեսաբահայ ընտանիքների կարիքները, գրանցվում են տվյալները: