ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 29-ին ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոլանդ Քյուրին (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինը և կանադահայ համայնքի ներկայ ացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորել է Կանադայի կառավարության կողմից հայ համայնքի հանդեպ ունեցած հյուրընկալ և ջերմ վերաբերմունքը: «ՀՀ իշխանությունները մշտապես կոչ են անում այլ երկրներում բնակվող հայերին լինել տվյալ երկրի լավ քաղաքացիներ՝ պահպանելով ազգային ինքնությունն ու մշակութային արժեքները»,- նշել Õ § գերատեսչության ղեկավարը:
Նախարարը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ դեռևս 2002 թվականին Կանադայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև, որով կոչ է արվում Կանադայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտությունը հերքելու կամ աղավաղելու ցանկացած փորձ, ինչպես նաև՝ Կանադայում ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակը հարգելու ամենամյա օր դարձնելը: Հ.Հակոբյանը կարևորել է նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրի վերաբերյալ նախարար Ջեյսոն Քեննիի քննադատական ելույթը:
Նախարար Հ.Հակոբյանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումներում ակնկալվում է Կանադայի և՛ պառլամենտական, և՛ կառավարական բարձր մակարդակի ներկայացուցչության այցը Հայաստան:
Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և իրականացրած աշխատանքները՝ Հակոբյանը խոսել է հին և նոր սփյուռքների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունների, ինչպես նաև երկքաղաքացիության ինստիտուտի ընդունման կարևորության մասին:
Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ հյուրընկալության և տրամադրած ժամանակի համար: Նա նշել է, որ Կանադայում հայերը լավ քաղաքացիներ են, իրենց աշխատասիրությամբ և մտավոր բարձր ունակություններով նպաստում են երկրի տարբեր ոլորտների զարգացմանը:
ՀՀ սփյուռքի նախարարը Ջեյսոն Քեննին է նվիրել նախարարության նախաձեռնությամբ և պատվերով լույս տեսած «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը և «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» խորագրով «Նյու Յորք Թայմս» թերթում տպագրված Հայոց Ցեղասպանության մասին նյութերի ժողովածուն:
Քննարկվել են սիրիահայերին օգնություն տրամադրելուն, «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցության հետ կապված հարցեր: