ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 26-ին ընդունել է ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի «Կոմիտաս» երգչախմբի հիմնադիրներ Վարանդ և Սյուզի Հովնանյաններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Ս փյուռքում հայապահպանությանը, հայ մշակույթի տարածմանն ու պահպանմանն ուղղված նրանց ազգանվեր գործունեության համար:
Հայապահպանության գործում ունեցած մեծ ներդրման և ազգանպաստ գործունեություն իրականացնելու համար ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով երգչախումբը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով: Վարանդ Հովնանյանը երգչախմբի ստեղծման դժվարին գործում ունեցած մեծ ավանդի ու մեծն Կոմիտասի արվեստի անխոնջ քարոզչության համար պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց Միության «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2004թ.' Սփյուռքում հայ մշակույթն ու հայ լեզուն պահպանելու նպատակով: Գեղարվեստական ղեկավարն է Միքայել Ավետիսյանը: 48 անդամ ունեցող երգչախումբը համերգներով հանդես է եկել Կալիֆորնիայի Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո քաղաքներում, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և պարգևատրվել մրցանակներով ու պատվոգրերով:
Առաջին անգամ Հայաստանում «Կոմիտաս» երգչախումբը մենահամերգով հանդես եկավ այս տարի՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում: