ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 26-ին ընդունել է լիբանանահայ ճարտարապետ Վազգեն Չեքիջյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են հայապահպանության, հայ մշակույթի տարածման ու պահպանման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև՝ «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի և այդ ծրագրին նրա մասնակցության հնարավորության հետ կապված հարցեր:

 

Վազգեն Չեքիջյանը 1975թ.-ին ստեղծված VKC Design and Planning ընկերության հիմնադիր-տնօրենն է: Մասնագիտական գործունեության 40 տարիների ընթացքում Վազգեն Չեքիջյանը նախագծել է բազմաբնույթ շենքեր և շինություններ՝ բնակարանային, կոմերցիոն, սպորտային, կրթական, հասարակական և այլն:

 

Նա 1982 թվականին արդեն ներկայացրել է արևային ջրատաքացման իր հեղինակած համակարգը' բազմահարկ բնակելի շենքերի համար: Նա առաջինն է Լիբանանում, ով նախագծել է բազմահարկ ավտոկայանատեղի՝ Բեյրութի Սբ. Հակոբ հրապարակում կառուցելու համար:

 

Վազգեն Չեքիջյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ճարտարապետների հանձնախմբի անդամ է: Ներկայումս այդ հանձնախումբը, որի կազմում են նաև Հակոբ Շամլյանը, Հակոբ Աթեշյանը, Վահե Գալինճյանը, զբաղվում է Լիբանանի Ջիբեյլ քաղաքի «Թռչնոց բույն» վարժարանի տարածքում Ցեղասպանության թանգարանի կառուցման աշխատանքներով: Թանգարանի ճարտարապետներն են' Րաֆֆի և Վիգեն Թարխանյանները: