Իրաքում և Ուկրաինայում քաղաքական լարվածության պատճառով սկսել են հայեր ժամանել Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը' հավելելով, սակայն, որ ժամանողների թիվը դեռ մեծ չէ:
«Հաշվի են առնվում այն հնարավորությունները, որոնք Հայաստանը կարող է ուղղել մեր հայրենակիցների կարիքների լուծմանը: Այդ հարցով կա նաև հանրապետության նախագահի հանձնարարականը: Մենք էլ աշխատում ենք միջազգային տարբեր կառույցների հետ' փորձելով հումանիտար օգնություն ուղղորդել Իրաքից և Ուրաինայից ժամանած ընտանիքիներին»,-հայտնեց նախարարը: Հրանուշ Հակոբյանի խոսքով' ժամանողների թիվը դեռեւս մի քանի տասնյակ է, բայց նոր հոսք եւս ակնկալվում է:
«Իրաքի Մոսուլ գյուղի և շրջապատի ընտանիքները հիմնականում ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան: 68-ից դեռ 4 ընտանիք է եկել, մյուսներին էլ պատրաստ ենք ընդունել»,-նշեց նա: Հունիսի սկզբին հակակառավարական ուժերը գրավել են Մոսուլ քաղաքը, և ազգաբնակչությունն, այդ թվում' 68 հայ ընտանիքներ և ծխատեր քահանան, հեռացել են շրջանից:
Հաշվի առնելով Իրաքում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունն Իրաքի մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս Իրաքում ՀՀ դեսպանատնից ստանալ ՀՀ քաղաքացիության անձնագիր: Իրաքի մեր հայրենակիցներից չի գանձվի ՀՀ վիզայի տուրքի և կացության համար նախատեսված գումարը:
Ուկրաինայի արևելյան մարզերում, հատկապես, Դոնեցկում ու Լուգանսկում, արդեն տևական ժամանակ շարունակվում են անջատողականների ու Ուկրաինայի զինված ուժերի մարտերը: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանն ավելի վաղ «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ մոտ 250 ընտանիք երեք ամսվա ընթացքում միության օգնությամբ տեղափոխվել է Հայաստան: