Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

 

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի շուրջ։

 

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին: