Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամները, Լիտվայի սեյմի պատգամավոր Դալիա Կուոդիտեի ղեկավարությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հյուրերին ներկայացրեց թանգարանի կառուցման պատմությունը և նաև այն աշխատանքները, որոնք այսօր կատարվում են թանգարանում:

 

«Արմենպրես»-ի թղթակցին Սուրեն Մանուկյանն ասաց, որ ներկայացնելով թանգարանի շինարարական աշխատանքները, տիկին Կուոդիտեին հրավիրել է 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվելու թանգարանի բացման արարողությանը:

 

«Ես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այս թանգարանում: Այս այցելությունը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ 20 տարի առաջ Լիտվայում ղեկավարել եմ ցեղասպանությունների և դրանց ուսումնասիրման ու հետազոտման գիտական կենտրոնը և շատ բան գիտեմ աշխարհում կատարված և կատարվող ցեղասպանությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է թանգարանին, կարծում եմ, որ վերաբացված տարբերակով այն կգերազանցի բոլորի սպասելիքները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տիկին Կուոդիտեն:

 

Երեւանում է Լիտվայի Հանրապետության Սեյմի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Օգոստոսի 30-ին նրանց ընդունել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: