Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե Շվեյցարիայի Համադաշնությունից ովքեր են ներկա գտնվելու Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Լուկաս Գասերն ասաց, որ ներկա դրությամբ ճշտվում է պատվիրակության կազմը: «Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա պաշտոնական պատվիրակության կազմը: Սակայն ներկա դրությամբ կարող եմ հայտարարել, որ Շվեյցարիայի խորհրդարանը բավական մեծ պատվիրակությամբ ներկա կգտնվի Ծիծեռնակաբերդում»,- ասաց Գասերը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Գասերն ասաց, որ ինչպես վեց տարի առաջ, այնպես էլ այժմ պատրաստակամ է միջնորդի դեր կատարել:

 

«Շվեյցարիան պատրաստակամ է, եթե կողմերը ցանկություն հայտնեն հարաբերությունների նորմալացման համար: Սերտ կապի մեջ ենք թե՛ թուրքական, թե՛ հայկական իշխանությունների հետ: Իրազեկ ենք Հայաստանի ղեկավարության վերջին որոշման մասին առ այն, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից, սակայն անգամ այդ փաստը հաշվի առնելով' կարծում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները լավագույն միջոցն են երկու երկրների հարաբերությունների նորմալացման համար»,- ասաց Լուկաս Գասերը:

 

Ապրիլի 24-ին հիշատակվում է Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստան կժամանեն բազմաթիվ պատվիրակություններ աշխարհի տարբեր պետություններից: Հայաստան այցելելու մասին հայտարարություններ են արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: