Այսօր հյուսիսային պողոտայում նոր տեսքով և առաքելությամբ վերաբացվեց Օրանժ Արմենիայի արդեն ռեբրենդավորված սպասարկման կենտրոնը՝ այսպիսով եզրափակելով ռեբրենդինգի ողջ գործընթացը: Որպես նոր «Յուքոմի» խորհրդանիշ և գլխամասային սպասարկման կենտրոն՝ հյուսիսային պողոտայի սրահն այսօրվանից կսպասարկի բոլոր բաժանորդներին: Ինչպես արդեն նշել էինք, Օրանժ Արմենիայի, բոլոր մարզային և երևանյան սրահները կվերափոխվեն «Յուքոմի»՝ նոր բրենդով, խորհրդանիշով և նոր քաղափարներով: Այսուհետ Օրանժ Արմենիայի, իսկ այժմ արդեն «Յուքոմի» բաժանորդներն իրենց բոլոր հարցերով պետք է դիմեն «Յուքոմի» սպասարկման կենտրոններ:
Այս օրերին Երևանում էր գտնվում նաև նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար ամերիկյան «Կալիքս» ընկերության փոխնախագահ Դեյվիդ Սեդան, ով այցելելով «Յուքոմի» կենտրոններ և ծանոթանալով կազմակերպության գործունեությանը մասնավորապես նշել էր. «Շատ ուրախ եմ հյուրընկալվել «Յուքոմին» և ծանոթանալ ձեր հիանալի թիմի հետ: Իհարկե մեր համագործակցությունը նոր չէ, որ սկսվել է, սակայն ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչ գործունեություն է ծավալում և ինչ առաջընթաց է գրանցել ձեր ընկերությունը շուկայում: Շատ կարևոր է, որ կա մի ընկերություն, որ ոչ միայն ներմուծում է տեխնոլոգիաներ, այլև ստեղծում և զարգացնում է այդ տեխնոլոգիաները, ինչը «Յուքոմն» անում է տարիներ շարունակ:
Երբ խոսում ենք երկու ըկերությունների միավորման մասին, հասկանում ենք, որ դա շատ դժվարին գործընթաց էր: Սակայն համոզված եմ, որ «Յուքոմի» համար գալիս են լավ ժամանակներ: Հաջողություն եմ մաղթում «Յուքոմին» և վստահեցնում եմ, որ «Կալիքսը» պատրաստ է օժանդակել ձեզ բոլոր նախաձեռնություններում»:
Այսպիսով՝ եկել է ժամանակը փոփոխությունների: Այսուհետ «Յուքոմը» հանդիսանում է կապի միասնական օպերատոր: