Երևանից հետո Գյումրին կդառնա Հայաստանի երկրորդ տեխնոքաղաքը: Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու լայնածավալ ծրագրի մեկնարկը տրվեց Գյումրու տեխնոպարկի բացման արարողությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' տեխնոպարկի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 700 միլիոն դրամ ներդրումից և 6 տարվա նախապատարստական աշխատանքներից հետո տեխնոպարկը բացեց իր դռները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների առջև:

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով' Գյուրու տեխնոպարկն ունենալու է ոչ միայն ուսումնական, այլև գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրենց գործունեությունն են ծավալելու տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունները: «Երևանից հետո Գյումրին առաջին քաղաքն էր, որտեղ սկիզբ դրվեց տեխնոլոգիական զարգացմանը: Հետագայում նման կենտրոններ կբացվեն նաև Վանաձորում և Ստեփանակերտում: Այս կենտրոնները կստեղծեն կրթական միջավայր, ինչպպես նաև աշխատանքի հնարավորություն կտան տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին: Այստեղ արդեն իսկ գործում են որոշ ընկերություններ, իսկ ներկայում բանակցություններ են տարվում միջազգային National Instruments, Clean Tech, Nokia, Digital Pomegranate և այլ ընկերությունների հետ»,- հայտնեց նա:

 

Ենգիբարյանի խոսքով' ներկայումս կենտրոնում գործում է 60 աշխատատեղ, սակայն մինչ տարեվերջ մասնագետների թիվը կհասնի 100-ի:

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պահպանման ծախսերի և սպասարկող անձնակազմի վարձատրության ապահովման համար 2015-2017 թթ. պետբյուջեից կտրամադրվի տարեկան 100 միլիոն դրամ: Այդպիսով' կենտրոնը կկարողանա տեղեկատվական աջակցություն և ինկուբացիոն ծառայություններ մատուցել տարածաշրջանի սկսնակ կազմակերպություններին ու ձեռներեցներին' խթանելով նաև նրանց արտադրանքի արտահանումն այլ երկրներ:

 

Ըստ Ենգիբարյանի' այսպիսով առաջին քայլն է արվում ամբողջ Հայաստանը Սիլիկոնային հովիտ դարձնելու ճանապարհին:

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, շուրջ 6 հազար 500 մետր քառակուսի ընդհանուր մակերեսով, ամբողջական համալիր է, որը ներառում է տեխնոլոգիական ընկերությունների համար ստեղծված ժամանակակից գրասենյակային տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ, հանդիպման սենյակներ: Այն կգործի նաև որպես ինկուբացիոն կենտրոն' ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ սկսնակ ընկերությունների համար: Ներկայումս կենտրոնում արդեն գործում են GNC-ALFA, e-Works, Skyline Studio և այլ ընկերություններ: