Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, այդ թվում' պաշտպանության նախարարությունը քար լռություն են պահպանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին իրագործած ռազմական ագրեսիայի արդյունքում հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված իր զինծառայողների հստակ թվի հարցում' սեփական հասարակությունից թաքցնելով կորուստի իրական չափը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ դրա փոխարեն, իշխանություններն իրենց «Ենի Ազերբայջան» թերթի սադրանքով շարունակում են զոմբիացված երիտասարդների միջոցով ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի տան դիմաց ամոթալի բողոքի ակցիաներն այն բանի համար, որ նա համարձակվել է քննադատել վերնախավը՝ ղարաբաղյան ճակատում ունեցած պարտության համար:
«Լավ կլիներ, որ Ալի Քերիմլիին անտեղի զրպարտելու փոխարեն «Ենի Ազերբայջան»-ը պաշտպանության նախարարությունից պահանջեր հայտնել սպանված զինծառայողների հստակ թիվը»,- գրում է թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի ապրիլյան ագրեսիայի արդյունքում մեծ թվով զինծառայողներ և ռազմական տեխնիկա կորցնելու հետ կապված, հայտարարել է, որ տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսած բանակը չպետք է մոտ 100 սպանված զինծառայող ունենար:
Ալի Քերիմլին դժգոհել էր, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները ժողովրդից թաքցնում են հայկական կողմի հակահարվածների արդյունքում ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների իրական թիվը, ինչի համար իրենք հարկադրված այդ մասին տեղեկությունները ձեռք են բերում սոցցանցերում անկախ լրագրողների բերած տվյալներից:
Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող՝ «պետք լինի՝ Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»:
«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից՝ հասարակության միասնականության, աշխարհի, հարևանների, հատկապես՝ Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում և խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին…»: Խնդրում եմ, այլևս «պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու»,- գրել էր նա:
Ադրբեջանի իշխանություններն Ալի Քերիմլիի տան առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոնց մասնակիցները նրան «դավաճան», «հայամետ», «թշնամի» են անվանել: