Մոսկվայում այսօր մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստը: Ինչպես արդեն հայտնի է, այն ապրիլի 8-ին, նախատեսվածի համաձայն, պետք է կայանար Երևանում, սակայն այստեղ հիշյալ նիստին մասնակցելուն Ղազախստանի հրաժարվելու պատճառով հետաձգվեց ու տեղափոխվեց Մոսկվա:

 

Գրեթե կասկած չունենք, որ Նորսուլթան Նազարբաևն իր վերոնշյալ քայլով, չանսալով նույնիսկ Մոսկվայի հորդորներին, կատարեց Ադրբեջանի և Թուրքիայի պատվերը կամ հավաստեց նրանց հանդեպ իր եղբայրությունն ու հավատարմությունը: Այդ քայլի նպատակի մասին էլ գրել ենք արդեն՝ աշխարհին ցույց տալ, որ ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերվանից սկսված ռազմական լայնածավալ գործողությունների մեղավորը, ագրեսորը «Ադրբեջանի տարածքները բռնազավթած» Հայաստանն է, Երևանն էլ այդպիսի բարձր մակարդակի հանդիպումների անցկացման համար արժանի, միգուցե նաև ապահով վայր չէ…

 

Սակայն սա, կարծում եմ, Նազարբաևի նվազագույն նպատակն է, քանզի հնարավոր է, որ նա Թուրքիայի և Արևմուտքի խորհուրդների արդյունքում այդ քայլով իր առջև նպատակ դրած լիներ նաև ԵԱՏՄ-ի ներսում գժտություն առաջացնելու, նշված միության քայքայման գործընթաց սկսելու կամ այդ կառույցին անդամակցելուց Հայաստանի ինքնակամ հրաժարմանը հասնելու:

 

Հիմա ոմանք գուցե հարցնեն, թե այդ դեպքում ՀՀ վարչապետն ինչո՞ւ չբոյկոտեց մոսկովյան նիստը ու գնաց մասնակցելու: Կարծում եմ՝ դրա պատճառները շատ պարզ են:

 

Առաջին. Հայաստանը ԵԱՏՄ-ին իր անդամակցությունից օգտվում է, տնտեսական օգուտն անժխտելի է, տնտեսական ծանր վիճակում գտնվող մեր երկիրն իրեն չէր կարող թույլ տալ բոյկոտել մոսկովյան նիստը ու չմասնակցել դրան՝ այն դեպքում, երբ տվյալ նիստի օրակարգում ներառված են Հայաստանի տնտեսական շահերի առումով մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Երկրորդ. եթե Աստանան երևանյան նիստը բոյկոտելով ու մեր պատասխան քայլը հաշվարկելով՝ իր առջև իսկապես ԵԱՏՄ-ի ներսում գժտություն առաջացնելու, նշված միության քայքայման գործընթաց սկսելու կամ այդ կառույցին անդամակցելուց մեր ինքնակամ հրաժարմանը հասնելու նպատակն է դրել, ապա մոսկովյան նիստին ՀՀ վարչապետի մասնակցությամբ նրա այդ նպատակներն ի չիք են դառնում:

 

Երրորդ. հիշյալ նիստին ՀՀ վարչապետի մասնակցությունը բացատրվում է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի (հնարավոր է նաև՝ Սերժ Սարգսյանին Վլադիմիր Պուտինի) տված խոստմամբ, որ հաջորդ նիստն անպայման Երևանում է անցկացվելու, և շատ շուտով՝ մայիսին (հետաքրքիր է՝ այս անգա՞մ էլ է Ղազախստանը բոյկոտելու…):

 

Անշուշտ, մեզ համար կարևոր է նաև մեր պետության, ժողովրդի պատվի, արժանապատվության խնդիրը: Այս առումով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում պարտավոր է Ղազախստանի, Նազարբաևի կամ իր պաշտոնակցի հասցեին հանդես գալ կոշտ հայտարարությամբ, եթե, իհարկե, արդեն հանդես չի եկել: Միգուցե հայտարարի նաև, որ Ղազախստանի այդ քայլն իրավունք է վերապահում իրեն չմասնակցել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների այն նիստին, որը կհրավիրվի Ղազախստանում:

 

Ի վերջո, նկատի ունենանք, որ Մոսկվան իսկապես ուզում էր և փորձել է հասնել նրան, որ նիստը Երևանում անցկացվի, սակայն նրան այդ հարցում չի հաջողվել Ղազախստանին համոզել: Ոմանք կարող է չհավատան սրան, հարցնել՝ ինչպե՞ս թե՝ Պուտինը ցանկացավ համոզել Նազարբաևին, չկարողացա՞վ, Ռուսաստանի պես հզոր երկիրը չկարողացա՞վ ճնշում գործադրել Ղազախստանի վրա… Վստահ եմ, որ շատերի պարագայում այս հնարավոր հարցադրումը կարող է բխել անիրազեկությունից, տեղեկատվության պակասից, խնդրին, իրավիճակին միակողմանի նայելուց և Ռուսաստանի հզորության, ազդեցության լծակների վերաբերյալ չափազանցված, թյուր պատկերացումներ ունենալուց: Մինչդեռ իրականությունն այն է, որ Ղազախստանն ինքնիշխան պետություն է և թույլ պետություն չէ, ինչպես Հայաստանը:

 

Թեև Ռուսաստանն ազդեցության լծակներ ունի Ղազախստանի նկատմամբ, Ղազախստանն էլ, իր հերթին, ունի Ռուսաստանի նկատմամբ ազդեցության զորեղ լծակներ: Եթե Մոսկվան մի օր, ժողովրդական լեզվով ասած, շատ համը հանեց, Ռուսաստանին կարող է զրկել վերջինիս համար ռազմավարական նշանակություն ունեցող «Բոյկանուր» տիեզերակայանը շահագործելու իրավունքից կամ հնարավորությունից: Եվ ոչ միայն «Բոյկանուր» տիեզերակայանից, այլև Ղազախստանի Բետպակ-Դալա անապատում Ռուսաստանի վարձակալած հակահրթիռային պաշտպանության հակահրթիռային համակարգերի փորձարկման աշխարհում միակ ռազմափորձադաշտից' «Սարի-Շագան»-ից օգտվելու հնարավորությունից, որը նույնպես Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:

 

Ավելին. «Սարի-Շագան»-ը ոչ միայն հակահրթիռային և հակաօդային նորագույն համակարգերի փորձարկման, այլև մարտական կենտրոն է՝ զինված հզոր ռադարներով և հակահրթիռային համակարգերով: Այստեղ գտնվող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումը հանդիսանում է Ռուսաստանի հարավային վահանն իր նկատմամբ միջուկային հնարավոր հարվածները կանխելու, հնարավորինս չեզոքացնելու առումով Շատերն այս և էլի ուրիշ բաների մասին չգիտեն, զարմանում ու զայրանում են, հանիրավի մեղադրում Ռուսաստանին, որ Ղազախստանի ականջները չձգեց:

 

Արթուր Հովհաննիսյան