Հայ հասարակությունը Ռուսաստանի մասին ինչ-որ իդեալական պատկեր է իր մոտ ստեղծել տարիների ընթացքում և նեղանում է, երբ իրականությունը չի համապատասխանում իր ստեղծած պատկերներին։ Ի վերջո պետք է հասկականք, որ ինչքան էլ Ռուսաստանի հետ միասին մենք լինենք տարբեր կառույցներում, դա դեռ չի նշանակի, որ Ռուսաստանից կստանանք անվտանգության երաշխիքներ։
Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում և քաղաքացիական ընդվզում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Այդ երկիրն ունի իր շահերը։ Պետք է միայն այն դեպքում համագործակցենք, երբ համոզված ենք, որ մեր շահերը համապատասխանում են։ Եթե այլ երկրների հետ հարաբերությունները մեր ուզած ձևով չի դասավորվում, ապա դրա մեղավորը մենք ենք։ Մենք պետք է գիտակցենք, որ գործ ունենք շատ մեծ երկրի հետ։ Դա նշանակում է, որ տվյալ երկիրն ունի շատ հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ։ Իսկ մենք այդքան հարաբերություններ չունենք տարբեր սուբյեկտների հետ։ Մենք չենք կարող մեր բոլոր խնդիրները կապել Ռուսաստանի հետ»,- նշեց Նավասարդյանը։
Նա վստահ է՝ այսօր հնարավոր չէ պնդել, որ ռուսական բազան հեռացվի Հայաստանից կամ մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք։ «Չլինել որևէ անվտանգության համակարգում, Հայաստանի նման երկրի համար դժվար կլինի։ Հարցը պետք է լինի հստակեցումների մեջ։ Գյումրիում էլ տեղակայված ռուսական ռազմաբազան վկայություն է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում առկա է։ Իսկ դրա համար նա պետք է մեզ վճարի։ Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը դա գնահատում է»,- շեշտեց բանախոսը։
Նրա խոսքով՝ մենք չենք կարող տարանջատել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցերը. «Այդ հարցերը պետք է շատ հստակ դրվեն։ Անգամ եթե ոչ գրավոր տեքստով, ապա գոնե ջենտլմենական ձևով»,- ասաց նա։