Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մելիք Եսայանը 2008 թ. մարտի 11-ից մինչև 2013 թվականի մայիսի 15-ը (ներառյալ) ժամանակահատվածում հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի տեղակալ և Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, իր կարգադրիչ և այլ լիազորություններն իր և ուրիշ անձանց օգտին և այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանի, ԻԻՀ և ԱՍՆ քաղաքացի Մաջիդ Ռ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Զեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, քաղաքացի Վահիկ Մանուկյանի, Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թ. օգոստոսից մինչև 2013թ. մարտը (ներառյալ) ժամանակահատվածում, օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ:

 

 

Ըստ մեղադրական եզրակացության, նրանք վերոնշյալ կեղծ փաստաթղթերով, խարդախությամբ հափշտակել, ապա օրինականացրել են Մոսկվայում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲԸ կողմից, «Սբերբանկ» ընկերության միջոցով (միջնորդությամբ), SWIFT համակարգով «Հայբիզնեսբանկ» ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերի գումարը' ընդհանուրը 5 804 577 000 դրամին համարժեք 10 980 000 եվրոն, որից 1 000 000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9 980 000 եվրոն SWIFT հաղորդագրություններում անճշտությունների առկայության և վերջնական շահառուի նշված չլինելու պատճառով ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը: Համաձայն քր. գործի նյութերի, դրա հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ ներկայացնել «Հայբիզնեսբանկ» ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել։

 

 

Վերը նշված արարքների համար Մելիք Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի («Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի, 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 2-րդ մասի, 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 190-րդ հոդվածի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: