Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Այս մասին քիչ առաջ Արտաքին գործերի նախարարությունում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Մենք քննարկել ենք պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Պայմանավորվածությունները վերաբերվում են տնտեսական, քաղաքական և անվտանգության հարցերին»,- ասաց նա։
Սերգեյ Լավրովն իր խոսքում բավական երկար ներկայացրեց, որ Հայաստանի հետ իրենք շատ ինտենսիվ քննարկումներ են ունենում տարբեր մակարդակներով։ «Մեր բանակցությունները ցույց են տվել, որ երկու երկրները շատ արդյունավետ համագործակցում են։ Հայաստանը մեր առանցքային դաշնակիցն է։ Մենք քննարկել ենք նաև ԼՂՀ-ում տիրող իրավիճակը։ Նախ ցավակցում ենք զոհվածների ընտանքիներին։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի։ Լուծումը միայն բանակցային ճանապարհն է։ Մենք այս պահին ամեն ինչ անելու ենք, որպեսզի թույլ չտանք 1994-95 թվականներին ձեռք բերված զինադադարի պայմանագրի խախտում տեղի ունենա»,- ներկայացրեց ՌԴ արտգործնախարարը։
Հարցին՝ ինչպես եք վերաբերվում նրան, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից հնչեցին բացահայտ միակողմանի հայտարարություններ, Լավրովը պատասխանեց կարճ ու հստակ. «Թուրքիայի ղեկավարության կողմից հնչեցրած հայտարարություններն անընդունելի են, քանի որ դրանք պատերազմի կոչեր էին, ոչ թե խաղաղության։ Ցավոք, մենք արդեն սովորել ենք Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից նման հայտարարություններին»։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Կազանի փաստաթուղթը, Սերգեյ Լավրովի խոսքով, հայկական կողմը չի մերժել։ Նույն թեմայի վերաբերյալ ՀՀ արտգործնախարար Նալբանդյանն էլ ասաց՝ ադրբեջանական կողմն է տարիներ շարունակ մերժում հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը։
Նախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Արցախում Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հենց րոպեներ անց ինքը կապ է հաստատել իր ռուս գործընկերոջ հետ։ Նալբանդյանը շինծու և սին քննադատություններ համարեց այն խոսակցությունները, թե իր ղեկավարած կառույցը ոչնչով չի զբաղվել։
Այսքանով ավարտվեց ՌԴ և ՀՀ արտգործնախարարների մամուլիս ասուլիսը, որը ըստ էության, ոչնչի մասին էր: Ո՛չ հայկական կողմը, ո՛չ ռուսական կողմը նոր հայտարարություն չարեց, տարածքների հանձնման վերաբերյալ մամուլում եղած հրապարակումների մասով առհասարակ որևէ խոսք չեղավ: Հավելենք, որ Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում ասաց, որ իր և Լավրովի հանդիպումը և քննարկումը միգուցե շարունակվի։