Երեկ Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել էր, թե ընտրության օրը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել Հրազդան:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այս առնչությամբ ես հենց ընտրության օրը հստակեցրել եմ, որ վերոհիշյալ ավտոբուսները վարորդների սեփականությունն են, և քանի որ այդ օրը նրանց համար հանգստյան օր էր, հետևաբար նրանց գործունեությունը որևէ առնչություն չունի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ:

 

Թե իրենց հանգստյան օրերին վարորդներն իրենց սեփականություն հանդիսացող ավտոբուսներով ինչպիսի մասնավոր գործունեություն են ծավալում, դա ոչ մի առնչություն չունի «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ: Թե ինչու այս պարզագույն ճշմարտությունը հասկանալի չէ պարոն Միքայելյանի համար, դժվարանում եմ պատասխանել, սակայն որպես բարի խորհուրդ` կոչ եմ անում անհարկի չշահարկել Գագիկ Ծառուկյանի անունը»: