Հույն ֆոտոլրագրող Գիորգոս Մութաֆիսին, ով Bild գերմանական թաբլոիդի պատվերով պետք է Ստամբուլով թռչեր Լիբիա, շաբաթ երեկոյան թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Մութաֆիսը ժամանել է Ստամբուլ և կիրակի առավոտյան պետք է թռչեր Լիբիա, սակայն Լիբիայի փոխարեն նա ստիպված է եղել վերադառնալ Աթենք:

 

«Անձնագրային հսկողության ծառայությունում ինձ ասացին, որ իմ անունն ինչ-որ ցանկում է, և ես չեմ կարող մտնել Թուրքիա: Այդ ժամանակ մինչ առավոտ վերցրին իմ անձնագիրը, և գիշերը ստիպված եղա մնալ օդանավակայանի սրահներից մեկում: Ինձ չասացին, թե ինչ պատճառներով է իմ անունն այդ ցանկում»,- ասել է լուսանկարիչը:

 

Նշվում է, որ Մութաֆիսը հայտնի լուսանկարիչ և լրագրող է, վերջին տարիներին նա հայտնի է փախստականների մասին իր գործերով, վերջին ամիսները նա անց է կացրել հունական Լեսբոս կղզում: Մութաֆիսն աշխատել է այդ թվում Reuters գործակալության, Time, Newsweek ամսագրերի, Al Jazeera և CNN հեռուստաալիքների համար: 2014 թվականին նա եղել է Սիրիայում և Իրաքում:

 

Ավելի վաղ Թուրքիան թույլ չի տվել երկիր մուտք գործել գերմանական ARD հեռուստաընկերության աշխատակից Ֆոլկեր Շվենկին՝ «անվտանգության նկատառումներով»: Բացի այդ, Նիդերլանդների ԱԳՆ-ն հաստատել է, որ կիրակի օրը ձերբակալվել է թուրքական ծագումով հոլանդացի լրագրող Էմբրու Ումարը՝ Twitter սոցցանցում Թուրքիայի նախագահի մասին քննադատական հաղորդագրություններից հետո: