Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

 

«Երեք վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Դա չի նշանակում, որ կյանքին վտանգ է սպառնում, պարզապես վիրավորվելու աստիճանն է այդպիսին: Զինծառայողը ստացել է բեկորային վնասվածք ազդոսկրի հատվածում: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ այս գիշեր կյանքին վտանգ սպառնացող վիրավորման դեպք չենք ունեցել»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

 

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժն իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով՝ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: