Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի թուլանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

«Պահպանվում է այսպես կոչված սառեցված հակամարտությունների էսկալացման հավանականությունը, վերջին ժամանակներս՝ կտրուկ: Եվ, ցավոք, չի թուլանում զինված դիմակայության սրությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Բորդյուժան՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցերին նվիրված հինգերորդ մոսկովյան խորհրդաժողովում:

 

Նա նաև նշել է, որ ահաբեկչական սպառնալիքի պայմաններում ՀԱՊԿ-ն ձևավորում է ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմներ և առանձնակի ուշադրություն է դարձնում կազմակերպության ռազմական բաղադրիչին:

 

«ՀԱՊԿ-ի հիմնական ուշադրությունը դարձվում է ռազմական բաղադրիչի վրա»,- ասել է նա և հավելել, որ ձևավորվում են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի բարձրացվի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ միջոցների արդյունավետությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: