Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է այն հնարավորությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարող է ընտրվել առանց այդ գործընթացին Հայաստանի մասնակցության: Այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում:
«Դա գլխավոր քարտուղարի նշանակում է, ինչ-որ որոշում չէ, մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում որոշում կայացնելու խնդիր չէ: Սա ռազմավարական, դաշինքի գլխավոր քարտուղար ընտրելու խնդիրն է: Ինչպես կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել կամ նշանակել քարտուղար: Կանոնակարգը նման բան թույլ չի տալիս»,- ասաց Տոնոյանը:
Նախարարի խոսքով` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ իրենց գերատեսչությունն իր կարծիքը հայտնել է, և այս պահին այլ մարմիններ են զբաղվում այս հարցով:
«Այս պահին Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան աշխատանք է տանում ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանք տանում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր կարծիքը հայտնել է»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
2018թ. նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հայկական կողմը դիմել էր ՀԱՊԿ անդամ երկրներին՝ Խաչատուրովին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու հարցով, քանի որ Խաչատուրովը Մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ մինչև 2020թ., որից հետո այն անցնելու էր Բելառուսին: 2018 թվականի վերջին հայտարարվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին կողմերը կանդրադառնան 2019թ., սակայն մինչ այս պահն այդ հարցում կոնսենսուս չի կայացել: