Հայաստանի զինված ուժերը լիովին ունակ են ապահովելու իրենց երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:

 

«Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան' պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտում սահմանին տիրող իրավիճակին:

 

«Ես կարծում եմ, որ Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրի անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց նա:

 

Հարցին, թե որ պահին ՀԱՊԿ-ն կմիջամտի, Բորդյուժան պատասխանեց, որ Կազմակերպությունը միջամտում է այն դեպքերում, երբ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն ի զորու չի լինում ապահովել սեփական անվտանգությունը եւ կայունությունը երկրում:

 

«Այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ պետությունը պետք է անձամբ դիմի ՀԱՊԿ-ին' օգնության խնդրանքով: Եթե պետությունը դիմում է նման խնդրանքով, Հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է այդ երկրին օգնություն տրամադրելու հարցը: Դա կարող է լինել քաղաքական, ֆինանսական, կամ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է Անվտանգության խորհրդի որոշումից, բայց հիմքում այն կարեւոր հանգամանքն է, որ պետք է պետությունն անձամբ օգնության խնդրանքով դիմի»,- հավելեց նա: