Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման առաջին իսկ օրվանից քաղաքագիտական շրջանակներում հախուռն կերպով սկսեց քննարկվել այն հարցը, թե անդրկովկասյան ամենակնճռոտ խնդրի մեջ որ գերտերությունները կարող են շահագրգիռ լինել, ու, մասնավորապես, որ՞ն է այս ամենում Մոսկվայի դերակատարությունը:

 

Կարծիքները բազմազան էին, իրարամերժ ու երբեմն անգամ խիստ անտրամաբանական: Նման դեպքերում, համաձայնե՛ք, երբեմն պակաս հետաքրքրական չի լինում ոչ միայն լսել տեղացի մեկնաբանների ու քաղաքագետների տեսակետները, այլև արտերկրյա, բայց հատկապես ռուսական, քանի որ բոլորս ենք հասկանում, որ Մոսկվայի համար ղարաբաղյան խնդիրն առանձնակի կարևորություն է իրենից ներկայացնում, ու ՌԴ-ն շատ ավելի զգայուն է արձագանքում հարցին, քան աշխարհի որևիցե այլ երկիր (Թուրքիան չհաշված):

 

Պարզվում է՝ օրերս հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին բավական ծավալուն հարցազրույց է տվել ռուս քաղաքագետ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը, որից պարզ է դառնում, որ Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում ունեցած նպատակները շատ ավելի հեռուն են գնում, քան կարող էր թվալ առաջին հայացքից: Ծանուցման կարգով նշենք, որ Դուգինը ներկայացուցիչներից մեկն է այն շրջանակների, որոնք, սովորաբար, համարվում են կրեմլյան ոչ պաշտոնական խոսափող, ու Մոսկվան ինչ-որ բան ուղիղ ասելու համար հաճախ օգտվում է նմանատիպ շրջանակների ծառայություններից:


Այսպիսով՝ եթե փորձենք հասկանալ, թե ինչ է ակնարկում Կրեմլը Դուգինի բերանով, ապա նախ՝ պետք է ամրագրենք մի անհերքելի փաստ. Ռուսաստանն ընդհանրապես շահագրգիռ չէ Անդրկովկասում մի նոր պատերազմական օջախի ստեղծմամբ. Դուգինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում խաղաղությունը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Խաղաղությունը Ղարաբաղում ՌԴ ազգային շահն է, եթե կուզեք՝ եսասիրական շահը:


Այնպես որ՝ ակտիվորեն շրջանառվող այն տեսակետը, թե ղարաբաղյան քառօրյա պատերազմի հետևում պետք է տեսնել նախևառաջ Մոսկվայի չարակամությունը, սին են ու ոչ փաստարկված. որևիցե երկրի համար, իսկ առավել ևս՝ Ռուսաստանի, ձեռնտու չէ սեփական սահմանների ուղղակի հարևանությամբ ունենալ եռացող տարածաշրջան մի պարագայում, երբ արդեն իսկ երկիրը պատերազմի մեջ է ներքաշված ու հայտնի չէ, թե ինչով այդ ամենը կավարտվի:

 

Դուգինի համոզմամբ, ինչպես նաև՝ որոշ համաշխարհային մակարդակի վերլուծաբանների, արցախյան հակամարտության բռնկմամբ կարող է միայն շահագրգիռ լինել Թուրքիան, որը, կատարելով, իր արևմտյան տերերի գաղտնի հրահանգները, ցանկանում է Ռուսաստանին ներքաշել մի նոր հակամարտության մեջ՝ կամաց-կամաց քամելու համար Ռուսաստանի ուժերը: Ասում են՝ ՌԴ աշխարհաքաղական հակառակորդները ծրագրում են առաջիկայում ՌԴ-ին միանգամից երեք ճակատներում ներքաշել պատերազմների մեջ՝ Կովկասում, Միջին Ասիայում ու Ուկրաինայում՝ կիրառելով նախկինում փորձված ու իրեն արդարացրած մեթոդը:


Մոսկվան, որպես ԼՂ խնդրի լուծման բանալի, դիտարկում է տարածաշրջանային երկրների՝ ԵՏՄ անդամակցումն ու վստահ է, որ միայն իր «թևի տակ» անցնելով հնարավոր կլինի հասնել Հայաստանի ու Ադրբեջանի համար փոխադարձ ընդունելի լուծման, ճիշտ է՝ չմանրամասնելով, թե ինչպես է դա հնարավոր լինելու: Հակամարտության սրացման ու դրա՝ տոտալ պատերազմի վերաճելու դեպքում չի բացառվում նաև ռուսական կամ իրանական խաղաղապահների մուտքը համապատասխան տարածքներ, ինչն իսկական պատնեշ կդառնա ՆԱՏՕ-ի համար՝ ծավալվելու առաջ. Դուգինը, համենայնդեպս, ի սկզբանե բացառել է ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը տարածաշրջան՝ վստահեցնելով, որ դա է՛լ ավելի կսրի իրավիճակը տարածաշրջանում ու ոչ մի օգուտ չի տա հարցի խաղաղ կարգավորմանը:


Խոսելով պատերազմում Ռուսաստանի՝ Հայաստանին աջակցելու մասին՝ Դուգինը, իրեն հատուկ ուղղախոսությամբ, հայտարարել է. «Ռուսաստանը չի կանգնի Հայաստանի կողքին»: Ճիշտ է՝ այնուհետև համոզմունք է հայտնել, թե Ադրբեջանին չի հաջողվի նվաճել Ղարաբաղը՝ թերևս, ուղարկելով համապատասխան հաղորդագրություն Բաքվին, որ վերջինս անգամ չի կարող երազել Արցախն իր կազմ վերադարձնելու մասին: Ակնհայտ է, որ ազերիներին ուղղված այս ուղերձը պատահական չի արվում, ուԴուգինն անուղղակիորեն հայտարարում է Ռուսաստանի ունեցած հավակնությունների մասին՝ իրենով անելու Արցախը՝ ասենք հատուկ կարգավիճակ տալով դրան ԵՏՄ կազմում: Ավելին՝ Դուգինը, օրինակ բերելով ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, Ալիևին հստակ հասկացրել է, որ ջղաձիգ շարժումներ անելու պարագայում բախվելու է Մոսկվայի հզոր բազկին. ակնհայտ է, որ որևէ մեկը նման տոնով չէր խոսի Բաքվի մասին՝ ելնելով բացառապես հայերիս նկատմամբ ունեցած սիրուց…


Գլխավոր ուղերձը, որ Դուգինն ուղարկում է Անդրկովկաս, կոչն է տարածաշրջանի երկրներին՝ խոնարհաբար ընդունելու Մոսկվայի գերիշխանությունը՝ պահպանելով կա՛մ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, կամ բոլորով միասին անդամակցել ԵՏՄ-ին, հակառակ պարագայում՝ բոլորս դատապարտված ենք լինելու պատերազմելու անվերջ՝ առանց խաղաղության հույսի:

Դավիթ Բաբանով