Սարգսյան-Պուտին հանդիպումն այլևս անցյալում է: Դատելով նախագահ Սարգսյանի՝ Պուտինի հետ հանդիպումից հետո հնչեցրած հայտարարություններից՝ Ռուսաստանում կարծես դեռևս վերջանական որոշում՝ հայկական տարածքների՝ ազերիներին հանձնման հետ կապված, չեն կայացրել. Սարգսյանի խոսքում հնչած շեշտադրումները, համենայն դեպս, հենց դրա մասին են վկայում:


Եթե դա իրոք այդպես է, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ հանկարծ Պուտինը որոշեց հետքայլ անել ու երկու ոտքը մեկ կոշիկի մեջ «չճխտել»՝ Սարգսյանից պահանջելով անիրագործելին:

 

Մեր խորին համոզմամբ՝ այս հանելուկի պատասխանը թաքնված է հայ-ռուսական բանակցություններին նախորդած իրադարձություններում. չի բացառվում, որ Պուտինի՝ հարավից ստացած ազդակները բավարար հիմք չեն տալիս նրան՝ գնալու ՌԴ-ի համար խիստ ռիսկային քայլի՝ Հայաստանը թանկ գնով վաճառելու թուրքերին:


Ի դեպ, ամենևին էլ պատահական չէ նաև այն, որ Ժիրինովսկու կուսակցությունը, փորձելով մեղմել Հայաստանում հակառուսական տրամադրությունները, հայտարարել էր, թե Պետդումայի պատգամավորի խոսքերը սխալ են մեկնաբանվել, իսկ Ժիրինովսկին և նրա ղեկավարած կուսակցությունը 25 տարվա ընթացքում արտահայտվել են Մոսկվայում հայկական համայնքի նախաձեռնությունների օգտին, ու այդ դիրքորոշումը չի փոխվել. շարունակում են պաշտպանել Հայաստանին պատմական, աշխարհաքաղաքական, ազգային, մշակութային բնույթի հարցերում:


Այնպես որ, երևում է՝ Մոսկվայում որոշել են տարածաշրջանային շահերը սպասարկելու նպատակով Անդրկովկասի հակամարտող երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի նկատմամբ վարել «մտրակի ու կարկանդակի» քաղաքականություն, ինչի պատճառը, թերևս այն է, որ թուրքերից Մոսկվա հասնող ազդակներն այնքան էլ միանշանակ ու պարզունակ չեն, ինչպես ակնկալում էր Մոսկվան:

 

Վերջիվերջո Պուտինն էլ է հասկանում, որ տարածաշրջանում իր ազդեցության հիմնական լծակը հենց Ղարաբաղն է. կարգավորելով այն հակամարտող կեղմերից որևէ մեկի օգտին՝ ՌԴ ընդմիշտ կորցնելու է իր հիմնական լծակն ու վերածվելու է ավելորդ տարրի, ուստի միանշանակորեն սատարել կողմերից որևէ մեկին՝ Պուտինը չի պատրաստվում, ինչը տալիս է հույս, որ «Լավրովի պլամ» կոչվող արհավիրքը գոնե միառժամանակ սառեցվելու է, իսկ տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման գործն էլ իրականցնելու է Թեհրանը:


Բայց այս ամենում չափազանց հետաքրքական է Արևմուտքի զուսպ պահվածքն ու միաժամանակ պասիվությունը: Ճիշտ է՝ ոմանք այս հանգամանքը պայմանավորում են ԱՄՆ-ում ընթացող ընտրական պրոցեսով, Եվրոպայում ստեղծված խառն իրավիճակով, բայց ակնհայտ է, որ այն շատ ավելի խորքային պատճառներ ունի. Վաշինգտոնը փայլուն կերպով գիտակցում է, որ Ռուսաստանի համար այս ամենը խաղ է՝ զրոյական օգուտով, քանի որ հասկանում են՝ ռուս-թուրքական բարեկամություն, դաշինք ու նմանատիպ բաներն իրականում ֆանտազիայի ժանրից են, ու բավական է Արևմուտքից եկող ընդամենը մի թեթև ակնարկ, որպեսզի Էրդողանը հերթական անգամ հանդգնի կործանել ռուսական մի նոր օդանավ՝ գրողի ծոցն ուղարկելով ռուսների՝ թուրքերի հետ դաշնակցելու օգնությամբ տարածաշրջանը սեփական «թևի տակ քաշելու» անհեռանկարային ծրագիրը. այս ամենի արդյունքում՝ Ռուսաստանի անվերադարձ հեռացում կովկասից: Ի դեպ, չի բացառվում, որ Պուտինը ևս տեղեկացված է Արևմուտքի պլաններից…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ