Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խարխլել եվրոպական միասնությունը, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Պուտինն «ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և տրանսատլանտյան միությունը դիտարկում է որպես ռուսական իշխանությանն ուղղված վտանգ», հայտարարել է Օբաման CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Օբամայի խոսքով՝ ստեղծված միգրացիոն ճգնաժամը խնդիր է ոչ միայն Եվրամիության, այլև ԱՄՆ-ի համար: Սակայն ռազմավարական է՛լ ավելի մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում ազգայնականության ամրապնդումը, ինչը սպառնում է եվրոպական միասնությանը, «իսկ որոշ դեպքերում՝ շահագործվում է այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին պարոն Պուտինն է», ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նրա կարծիքով՝ Պուտինը սխալ է անում: Բացատրելով իր դիրքորոշումը ռուս գործընկերոջը՝ նա նշել է, որ «իրականում ուժեղ, միասնական Եվրոպան, որն աշխատում է ուժեղ Ռուսաստանի հետ, դա ճիշտ բաղադրատոմսն է»։