ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 6-ամյա երեխայի վրաերթի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ 2016թ. մայիսի 07-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս, 2009թ. ծնված Վլադիմիրին, այնուհետև երեխան վրաերթի է ենթարկվել «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի կողմից: Վերջինիս վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործի էական հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ: