«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է, որ չպետք է թույլ տալ կրկնել 1992-94 թվականների պատմությունը:
Սէֆիլյանի հայտարարությունը՝ ստորև.
«Ցավալի կերպով կրկնվում է 1992-94 թվականների պատմությունը:
Գաղտնիք չէ, որ այն ժամանակ Արցախում հազիվ վաթսուն հազար մարդ էր մնացել, իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրում էր ավելի քան երեք միլիոն մարդ, մինչդեռ պատերազմում մեր վեց հազար զոհերի կեսը Արցախից էր: Էլ ավելի տխուր էր Սփյուռքի մասնակցության պատկերը, որի ավելի քան ութ միլիոն հայությունից ընդամենը հարյուրի չափ մարդ մասնակցեց պատերազմին:
Մինչ օրս չի փոխվել Արցախի նկատմամբ վերաբերմունքը, ինչի հետևանքով այն լիակատար կերպով թեկուզ փաստացի առումով չի ընկալվում որպես Հայաստանի մաս: Ուստի, ինչպես պարբերաբար տեղի էր ունենում այն ժամանակ, այսօր նույնպես, եթե եղածը համեմատենք հայության ամբողջ ներուժի հետ, Արցախցին գրեթե մենակ է մնացել մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներով բազմապատիկ անգամ իրեն գերազանցող Ադրբեջանին դեմ հանդիման, իսկ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում միայն առանձին անհատներ և խմբեր են տոգորված Հայրենիքի պաշտպանության հրամայականով և գործնական քայլեր են կատարում այդ ուղղությամբ:
Ներկայումս, երբ Արցախի բնակչության գերակշիռ մասն առաջնագծում է և ուժերի գերլարմամբ պատրաստվում է դիմակայելու հակառակորդի հարձակմանը, հատկապես Հայաստանի Հանրապետությունում պետականորեն ոչինչ չի արվում երկրի մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսները մոբիլիզացնելու ու ժամ առաջ դրանք ռազմաճակատին տրամադրելու համար:
Եթե ինչ-ինչ պատճառներով իշխանությունը նպատակահարմար չի համարում պաշտոնապես զորահավաք հայտարարել, ապա առնվազն կարող է Արցախի օրինակով կատարել իրավիճակով թելադրված միջոցառումներ, մասնավորապես՝ ներգրավել պահեստազորում գտնվող մինչև 52 տարեկան տղամարդկանց, ինչպես նաև պայմաններ ստեղծել կամավորական հիմունքներով Հայրենիքի պաշտպանությանը կանանց և 52-ից բարձր տարիքի տղամարդկանց մասնակցության համար:
Միայն այդպիսի չափանիշներով կազմակերպված մոբիլիզացիայի պարագայում հնարավոր կլինի ապահովել լիարժեք պաշտպանունակություն, փոխարինել առաջնագծում կանգնած զորքին և պահպանել նրա ուժերը առաջիկա հակահարձակման համար: Հասկանալի է, որ մինչ պահեստազորից կանչվածներին և կամավորներին առաջնագիծ տանելը հարկավոր է վարժանքներ անցկացնել նրանց հետ, այլ ոչ թե անմիջապես ուղարկել խրամատ, հակառակ պարագայում օգուտ տալու փոխարեն նրանք բեռ են դառնում բանակի համար:
Կամ, ինչպես կարելի է հասկանալ և հանդուրժել այն իրավիճակը, երբ Հայաստանում առկա են ռազմաճակատի համար անհրաժեշտ նյութատեխնիկական շատ միջոցներ (տեխնիկա, սարքավորումներ, հանդերձանք, այդ թվում՝ վրաններ, թիկնոցավրաններ, հեռադիտակներ, ջերմադիտակներ, զրահաբաճկոններ, զինվորական համազգեստ, ներքնաշորեր, կոշիկներ, բժշկական պարագաներ և այլն), սակայն չի կազմակերպվում դրանց կենտրոնացված ձեռքբերումն ու տեղափոխումը Արցախ:
Շոշափելի քայլեր չեն կատարվում նաև սպառազինություն, տեխնիկա և ռազմական նշանակության այլ անհրաժեշտ արտադրանք ձեռք բերելու նպատակով պետության ձեռքում դրամական միջոցների կուտակման ուղղությամբ: Տեղին է նշել, որ գործող վարչախումբն իր ապիկարության և օտարին գերի լինելու պատճառներով ի վիճակի էլ չէ այս ուղղությամբ սայլը տեղից շարժելու: Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել:
Պատերազմի բեռի առյուծի բաժինը նախորդ անգամվա նման չի կարելի թողնել Արցախի վրա, այն պետք է հավասարապես կրի ամբողջ հայությունը: Ժանտախտի ժամանակ խրախճանք հիշեցնող կեղծ խաղաղությունը, որ տիրում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, պարզապես կործանարար է: Ուստի այս անգամ մենք պարտավոր ենք ամեն գնով բացառել նախորդ պատերազմի սխալների կրկնությունը»: