Երևանի քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևավճարներն է հատկացրել իր թվով 117 աշխատակիցներին, ընդհանուր՝ 56,319,500 դրամ։ Ընդ որում, նրանք նման պարգևատրումներ են ստանում եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով։ Քաղաքապետ Հայկ Մարությանի անունը պարգևատրվածների ցանկում չկա և ինչպես երևում է ինքն իրեն չպարգևատրելու խոստումը քաղաքապետի պահած եզակի խոստումներից մեկն է: Սակայն ցանկում կան ֆիգուրներ, որոնց լավ աշխատանքը և դրա արդյունքում ստացած պարգևատրումը, մեղմ ասած, տարակուսելի են թվում:
Օրինակ' թաղապետերը, որոնք, ըստ էության, մեկ տարվա մեջ քաղաքապետի հայտարարությունները սոցիալական ցանցերում շեյր անելուց բացի ուրիշ ոչնչով աչքի չեն ընկել: Ընդ որում, վարչական շրջաններից՝ թաղապետարաններից, արդեն իսկ ստացվում են բողոքներ առ այն, որ ղեկավարները հայեցողաբար՝ ում որքան ցանկացել, այնքան էլ պարգևատրել են, առանց նույնիսկ իրենց աշխատակիցների հետ զրուցելու և հասկանալու։ Կամ օրինակ՝ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, ում փայլուն աշխատանքի արդյունքում քաղաքը բառի բուն իմաստով կորած է աղբի մեջ, ստացել է 840 հազար դրամ պարգևավճար:
Հարց է առաջանում՝ չէ՞ր կարելի ավելի արդյունավետ տնօրինել այդ գումարները: Մինչ քաղաքապետ դառնալը Մարությանը խոստացել էր փոխել մահվան վերելակները: Այնհուհետև արդեն քաղաքապետ Մարությանը հայտարարեց, որ դա հնարավոր չէ և վերելակների փոփոխությունը պետք է կատարվի բնակիչների հաշվին: Այսինքն՝ չեք ուզում մեռնեք՝ վճարեք: Քաղաքապետարանի հաշվարկներով ՝ամեն մի նոր վերելակ կարժենա 10 միլիոն դրամից ոչ պակաս: 56 միլիոն դրամով քանի՞ վերելակ կարելի էր փոխել: Ավելորդ է ասել, որ անգամ 5-6 վերելակի փոփոխությունը ենթադրում է բազմաթիվ փրկված կյանքեր: Սակայն Մարությանին և իր թիմին ավելի կարևոր է օր առաջ բյուջեն մսխել' հասկանալով, որ երկար իրենց պաշտոններին Երևանի վայ-կառավարիչները չեն մնալու: Քաղաքապետարանի անգործությունը արդեն իսկ հունից հանել է երևանցիներին և չի բացառվում, որ մայրաքաղաքի բնակիչների բողոքը առավել կազմակերպված ակցիաների տեսք ստանա: Այս դեպքում դժվար է պատասխանել՝ «Իմ Քայլը» Մարությանին «ժերտվա» կտա՞ պահպանելու համար սեփական վարկանիշը, թե՞ քաղաքական թիմը կհամաձայնվի կիսել Մարությանի ձախողումների պատասխանատվությունը: Մինչ օրս արձանագրված դեպքերը հուշում են, որ առաջին տարբերակը շատ ավելի հավանական է…