Բաքվում որպես «Իսլամական պետության» անդամ ներկայացած տղամարդը 8-ամյա երեխայի է պատանդ վերցրել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Գործակալության տվյալներով՝ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Էլնուր Ռամազանլըն հաղորդում է տվել այն մասին, որ իր 8-ամյա որդին՝ Հուսեյինը, մայիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ԻԼԻՊ-ի անդամ ներկայացած անձը դրանից հետո մի քանի անգամ զանգահարել է Ռամազանլըին ու հայտնել, որ Հուսեյինն իր մոտ է։ Երեխային ազատ արձակելու դիմաց նա 30.000 մանաթ փրկագին է պահանջել։
Անհայտ անձը նաև հայտարարել է, որ եթե Էլնուրը ոստիկանություն դիմի, նա երեխայի օրգանները կվաճառի։
Ոստիկանության գործողությունների արդյունքում ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։ Նա Ադրբեջանի բնակիչ Էլնուր Մամեդովն է։
Երեխային հայտնաբերել են երկհարկանի կիսակառույց շինության մեջ։ Նրա ձեռքերը, ոտքերն ու աչքերը կապված են եղել։ Քրգործ է հարուցվել: