Ռուսական կործանիչի շուրջ ստեղծված իրավիճակը սառեցրեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, գրում է Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը:

 

 

Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները պայմանավորված են նաև Միջին Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ազդեցության մրցակցությամբ: Թուրքիան աջակցում է որոշակի ապստամբ խմբերի, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Ռուսաստանի համար կարևոր դաշնակցին հավատարիմ ուժերի դեմ: Միջին Արևելքի թատերաբեմից դուրս էլ, սակայն, Թուրքիան և Ռուսաստանն իրար ոտք են տրորում նաև Սև ծովի և Կովկասի տարածաշրջանում:

 

 

Վիճահարույց բազմաթիվ հարցերին գումարած՝ ինքնաթիռի խոցումն ու Պեշկովի սպանությունն Անկարայի և Մոսկվայի միջև հաշտեցումը բավականին բարդ խնդիր են դարձրել:

 

 

Սպանության համար մեղադրվող Ալփարսլան Չելիքի ազատ արձակման որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ կմնան: Թուրքիայի համար դա նշանակում է, որ Սիրիայի ներսում իր զորքերի համար անվտանգության գոտի ստեղծելու ցանկությունը հեռու է իրականություն դառնալուց: Անկարան հասկանում է, որ առանց Կրեմլի հետ համաձայնության, Սիրիայի հյուսիս ուղարկված ցանկացած ուժ կենթարկվի Ռուսաստանի կողմից հարձակման: Մինչ Թուրքիան կարող է օգտագործել անվտանգության գոտին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու և քրդական խմբերին հսկողության տակ պահելու համար, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի ապստամբները կարող են նաև ռազմավարական շահ ունենալ այդ քայլից՝ սիրիական կառավարական թիրախների համար հարձակումներ գործելու համար անվտանգ տարածք ունենալով: Ռուսաստանի համար այս հեռանկարն անցանկալի է: Այդ պատճառով, Մոսկվան դժվար թե աջակցի Թուրքիայի ջանքերին՝ առանց զգալի զիջումների:

 

 

Թուրքիայի որոշումը՝ ազատ արձակել Չելիքին, կայացվել է Սիրիայի հյուսիս արշավ սկսելուց օրեր անց: Անկարան նախազգուշացրել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին երկօրյա արշավն իրականացնելուց առաջ, բայց դա ավելի շուտ տեղեկացնելու, այլ ոչ թույլտվություն խնդրելու համար էր: Դա պաշտոնապես առաջին անգամն էր, երբ Թուրքիան հատուկ նշանակության ուժեր է ուղարկում Սիրիա՝ մարտական առաքելության: Ռուսաստանին նախազգուշացնելով իր գործողության մասին՝ Անկարան զրկել է Մոսկվային Սիրիայում թուրքական ուժերին հարված հասցնելու հնարավորությունից։

 

 

Այնուամենայնիվ, չնայած լարվածություններին, երկրներն ընդհանուր խնդիրներ ունեն, որոնցից են «Իսլամական պետության» դեմ հաղթանակը: Այդ պատճառով Ռուսաստանը կարող է հանդուրժել սահմանափակ քանակությամբ քուրքական գործողություններն «Իսլամական պետության» թիրախների դեմ:

 

 

Տնտեսական նկատառումներից ելնելով՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը շահագրգռված չեն հարաբերությունների է՛լ ավելի սրմամբ: Չելիքին ազատ արձակելու որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում. երկրների միջև հաշտեցում մոտ ապագայում պետք չէ ակնկալել, գրում է Stratforը։