ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շաքարի գործարանի աշխատողներին Շիրակի մարզից ավտոբուսներով բերել է Երևան՝ քվեարկելու: Քվեարկությունից հետո պատգամավորը հյուրասիրություն էր կազմակերպել Հրազդանի կիրճում գտնվող իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Մինչ «Առաջին լրատվական»-ը գնաց «Փարվանա», Սամվել Ալեքսանյանի կողմից բերված ընտրողները ավտոբուսներով վերադարձել էին Շիրակի մարզ: «Առաջին լրատվական»-ը հասել է այն պահին, երբ հյուրասիրության սեղաններն էին հավաքում և մաքրում տարածքը:

Շիրակցի ընտրողներով լի ավտոբուսին մեր նկարահանող խումբը հանդիպեց Հրազդանի կիրճի մուտքի մոտ: «Փարվանա»-ի մենեջերը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում հերքեց, որ ռեստորանում ճաշել են կամ ընդհանրապես՝ մեծ խումբ է ճաշել այնտեղ: Մինչդեռ ռեստորանի սրահի աշխատողները մի քանի՝ բավականին երկար սեղաններ էին հավաքում, իսկ ռեստորանի բակում գտնվող բանվորները տեղեկացրին, որ Շաքարի գործարանի աշխատողներն են ճաշել ու արդեն մեկնել են: