ԵԱՀԿ առաքելության կողմից երեկ ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինչպես արդեն հայտնի է, թշնամու կողմից արձակված կրակոցից Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Ի՞նչ է արել Պաշտպանության բանակը հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը խախտելու համար, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ադրբեջանական կողմից որևէ զոհի մասին առայժմ չի հաղորդվում: Չի հաղորդվում նաև, թե Արմեն Մարտիրոսյանը որոշակի ի՞նչ զինատեսակից (հրաձգային զինատեսակի՞ց, նռնականետի՞ց և ականանետի՞ց…) արձակված կրակոցի հետևանքով է զոհվել: Այս առնչությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է միայն, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Իսկ ի՞նչ է արել վերոնշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հավանաբար ոչինչ, համենայն դեպս, հրապարակային ասպարեզում՝ ոչինչ: Մինչդեռ, կարծում ենք, հենց այս նախարարությունն է Հայաստանի այն պետական մարմինը, որը դեռ երեկ, Արմեն Մարտիրոսյանի սպանությունից անմիջապես հետո պետք է դիմեր ԵԱՀԿ առաքելության դիտորդական խմբին կամ նրա ղեկավարին (մի քանի ժամվա ընթացքում նրանք հասցրած չէին լինի շատ հեռու գնացած լինել) ու պաշտոնապես հրավիրեր դեպքի վայր' զոհվածի դիակը տեսնելու և հակառակորդի կողմից հրադադարի պայմանավորվածությունը խախտելու փաստն արձանագրելու համար:
Ավելին՝ ՀՀ ԱԳՆ-ն ոչ միայն պետք է դիմեր ԵԱՀԿ առաքելությունն իրականացնողներին ու պաշտոնապես հրավիրեր փաստն արձանագրելու, այլև պետք է այդ հրավերի մասին (նույնիսկ եթե այն մերժման արժանանար) հրապարակեր իր պաշտոնական կայքում: Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում այս պահի դրությամբ էլ ոչ միայն այդ կապակցությամբ ոչինչ չկա, այլև գոնե մի դատապարտող հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածության հերթական խախտման ու դրա ողբերգական հետևանքի վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել ու ժամանակ գտել է Երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային խորհրդարանի հանդիսավոր բացման արարողությանն իր ուղերձը հղելու համար, իսկ համապատասխան հայտարարությամբ հանդես գալու համար ժամանակ չի գտել կամ դա չի կարևորել:
ԱԳՆ-ից գուցե առարկեն, թե ո՞ր մի զոհի կապակցությամբ հանդես գանք հայտարարությամբ, չէ՞ որ այդպիսի դեպքեր հաճախակի են լինում: Պատասխանս հետևյալն է' բոլոր: ԵԱՀԿ առաքելության կամ նրա հետևում կանգնածների համար զինվորի կամ գրեթե ամեն շաբաթ զոհվող զինվորների կյանքը, ամենայն հավանականությամբ, արժեք չունի, բայց չեմ կարող պատկերացնել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության համար էլ նույնն է… Հետևաբար գոնե այսուհետ ակնկալում եմ ակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականություն: Թերևս ավելորդ է ասել, որ հրադադարի խախտումը միայն այն չէ, երբ Ադրբեջանի կողմից գործի են դրվում «Սմերչներն» ու տանկերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հավանաբար փորձելով լրացնել ՀՀ արտաքին գործերի նախարարության բացը, իր այսօրվա մամուլի հաղորդագրությամբ հայտարարել է.
«Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից նույն օրը ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը և հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը»:
Վաղուց ժամանակն է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից Ադրբեջանի հրաժարվելու, դրա առկա և հնարավոր հետևանքների կապակցությամբ հանդես գա ավելի կոշտ ու հաճախակի հայտարարություններով, այդ հարցը բարձրացնի բոլոր հնարավոր առիթներով, բոլոր համապատասխան հանդիպումների և ելույթների ժամանակ:
Արթուր Հովհաննիսյան