Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչող օրենքի նախագծին:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հիմնական զեկուցող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: «Օրենքն ընդունվելու դեպքում հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»,- նշեց Փոստանջյանը:
Պատգամավորը հավելեց, որ օրենքը Հայաստանի Հանրապետությանը նաև թույլ կտա հետհակամարտյան վերականգնման շրջանում Արցախի Հանրապետության և շահագրգիռ այլ պետությունների, դոնոր կազմակերպությունների հետ միասին աջակցել հակամարտության գոտում պատերազմի հետևանքների վերացմանը' խաղաղ քաղաքացիների կյանքի ու աշխատանքի բնականոն պայմանների ստեղծմանը, փախստականների վերադարձին և տարածքների վերաբնակեցմանը:
Հարակից զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ հարցի ընդունումն այս պահին նպատակահարմար չէ: «Հայաստանի գլխավոր նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այն է, որ ապահովվի Արցախի և նրա բնակչության անվտանգությունը: Սա է մեր հիմնական նպատակը, և այդ անվտանգության մեջ կարևորագույն բաղադրիչն է հենց կարգավիճակը: Այսինքն՝ Արցախի անկախությունն անհրաժեշտ պայման է այդ անվտանգության համար, բայց ոչ բավարար: Ընդամենը ես սա նշեմ: Այդ ենթատեքստում ենք դիտարկում նաև ճանաչման խնդիրը, և այս պարագայում հենց այդ ենթատեքստով դիտարկելով՝ կառավարությունը գտել է, որ նպատակահարմար չէ»,- ասաց Արտաքին գործերի փոխնախարարը:
Երկարատև քննարկումներից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ իր համար շատ դժվար կլինի դեմ քվեարկել օրենքի նախագծին, քանի որ իր գործունեության ողջ ընթացքում իր նպատակը եղել է ԼՂ միջազգային ճանաչումը: «Չեմ էլ կարող կողմ քվեարկել այս նախագծին այսօր: Չգիտեմ, կարող է վաղը չէ մյուս օրն անդրադառնանք և կողմ քվերակենք, հետևաբար, ես չեմ էլ մասնակցելու քվեարկությանը»,- ասաց Զաքարյանը:
Այնուհետև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հարցը դրեց քվեարկության: Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների մեծ մասը քվեարկությանը չմասնակցեց: Քվեարկությանը մասնակցեցին միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Թևան Պողոսյանն օրենքի նախագծին կողմ քվեարկեց, Համլետ Հարությունյանը՝ դեմ: Այսպիսով, հանձնաժողովի եզրակացությունը բացասական է: Օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը քվեարկություն կդրվի լիագումար նիստի ընթացքում: