ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հավաստիացնում է, որ Արցախում կայանալիք յուրաքանչյուր համապետական ընտրություն փաստում է հայկական երկրորդ հանրապետության ժողովրդավար լինելը: Հենց դա է պատճառը, որ ընտրություններն այդքան բարկացնում են Ադրբեջանին, քանի որ այդ կերպ բացահայտ է դառնում Ադրբեջանի և Արցախի միջև տարբերությունը:

 

«Ամեն մի այսպիսի ընտրություն ֆիքսում է այն բացահայտ տարբերությունը, որը կա Արցախի և լիարժեք ավտորիտար, դիկտատորական Ադրբեջանի միջև: Հենց այս ակնհայտ տարբերությունն է պատճառը, որ Արցախյան ընտրություններն այդքան գրգռում են Ադրբեջանին: Բոլորս էլ գիտենք Ադրբեջանի հայտնի սև ցուցակների մասին: Այդ ցուցակների իրական, խորքային իմաստն այն է, որ Ադրբեջանի համար լիովին անցանկալի է, որ Ղարաբաղ այցելած մարդիկ հետագայում լինեն Ադրբեջանում և կարողանան համեմատել: Այդ համեմատությունն իրենց համար մահացու է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Շավարշ Քոչարյանը:

 

Անդրադառնալով Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրություններին, Քոչարյանն ասաց, որ 100-ից ավելի արտասահմանցի դիտորդների առկությունը դրական է, քանի որ, որքան շատ մարդիկ իրենց աչքով տեսնեն իրականությունն ու փոխանցեն այն' այդքան լավ Արցախի համար: «Ընդհանրապես, իմ գնահատականով, հիմնական դերակատարումը, որը կարող է փոխել իրավիճակն ու տանել դեպի ԼՂՀ ճանաչում, այսօր կատարում է հենց Ադրբեջանը' իր հայատյացությամբ, սահմանային իրավիճակի սրմամբ: Հիմա եթե դրսում նույնիսկ կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմի մեջ, ապա այսպիսի սադրիչ պահվածքից հետո նրանք ևս համոզվում են' դա անհնար է»,-ասաց Քոչարյանը: